
Չարենցավան համայնքում շահագործման է հանձնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքը։ Կրթօջախի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում են ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը։
1976 թվականին կառուցված մանկապարտեզի մասնաշենքի վերակառուցումը, հարակից տարածքի և բակի բարեկարգումն ու նոր գույքի ձեռքբերումն իրականացվել են պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ։

Մանկապարտեզն ընդհանուր առմամբ նախատեսված է 11 խմբի՝ 310 երեխայի համար։ Նորաբաց մասնաշենքում գործելու է 5 խումբ, որտեղ կրթություն և խնամք կստանա շուրջ 150 երեխա։

Բացման պաշտոնական արարողությունից հետո պաշտոնյաները շրջայց են կատարել հաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքների որակին և երեխաների համար ստեղծված ժամանակակից պայմաններին։




