ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծխախոտ, ալկոհոլ, վառելիք․ 2027 թվականից ակցիզային հարկի նոր դրույքաչափեր կգործեն

Կառավարությունն առաջարկում է  վերանայել  ակցիզային հարկի դրույքաչափերը։  Հայաստանում այս հարկատեսակը գործում է  եռամյա սանդղակով․ գործող դրույքաչափերի ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին ։ Տնտեսվարողների համար կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով ֆինանսների նախարարությունը խորհրդարան էր բերել 2027-2029 թվականների համար նոր դրույքաչափեր սահմանող նախագիծը։

Դրա  նախնական տարբերակը հանրության շրջանում թանկացումների մտահոգություն էր առաջացրել, սակայն նախագիծը լրամշակվել է՝ հեղինակների հիմնավորմամբ ավելի հավասարակշռված դառնալով։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասում է՝ դրույքաչափերի վերանայմամբ կառավարությունը երեք կարևոր խնդիր է լուծում։

«Առաջին ուղղության ներքո առաջարկվում է զգալիորեն նվազեցնել կոնյակի և մրգային ու հատապտղային օղիների համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը նպատակ ունի նպաստել գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ու վերամշակման արժեշղթաների երկարացմանը, արտահանման հետ կապված խնդիրների հաղթահարմանը և մրցակցային հավասար պայմանների ձևավորմանը օղիների արտադրության և իրացման շուկաներում»։

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ երկրորդ ուղղությամբ առաջարկվում է բարձրացնել ծխախոտային արտադրանքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը․ ավանդական ծխախոտի դեպքում, Արման Պողոսյանի ձևակերպմամբ, ավելի համեստ տեմպով, իսկ տեխնոլոգիական ծխախոտի արտադրանքի պարագայում` մի փոքր ավելի բարձր՝ հաշվի առնելով դրանց համար գործող  համեմատաբար ցածր դրույքաչափը և տարածման արագ տեմպերը  հատկապես դեռահասների շրջանում։

Այս կերպ, ըստ հիմնավորման,  փորձ է արվում  սահմանափակել առողջության համար վնասակար ապրանքների սպառումը՝ դրանց գների բարձրացման միջոցով։

«Երրորդ ուղղությունը կապված է գնաճի հետ։ Գիտեք, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը ճշգրտվում են ակնկալվող գնաճի տեմպով։ Նախորդիվ դա եղել է 8 տոկոսի չափով, hիմա քանի որ գնաճն ավելի ցածր է, առաջարկում ենք նվազեցնել այդ բարձրացման տեմպը և սահմանափակվել միայն 3 տոկոսի չափով»։

Արձագանքելով ակցիզային հարկի բարձրացմանն առնչվող մտահոգություններին և ընդդիմության քննադատությանը, թե հարկերի բարձրացման մասին իշխանությունը խոսում է  ընտրություններից հետո,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝  հարցը քննարկվել է մինչև ընտրությունները, և այդ քննարկումներին  ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել։

«Ինչի՞ համար են բարձրանում դրույքաչափերը, և ո՞րն է դրա պատճառը։ Օրինակ` ծխախոտի մասով պատճառն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և պիտի հասնենք մեր ինդիկատիվ ցուցանիշներին։ Մնացած մասերով զուտ ինդեքսավորում է կատարվում գնաճի հետ, որովհետև գները բարձրանում են, հարկի դրույքաչափը ֆիքսված թվով նույնպես պիտի բարձրանա։ Բայց որ այս պատմությունից, այս լուցկու հատիկից գերան չսարքեն, ուզում եմ մի տվյալ ներկայացնել։ Օրինակ` ասում են` ակցիզային հարկը բարձրանում է, բենզինը թանկանում է։ Բենզինի ակցիզային հարկը 1 լիտրի հաշվով 2 դրամով է բարձրանում, այսինքն՝ 73 դրամի փոխարեն դառնում է 75 դրամ»։

Առաջարկվող նախագծի վերաբերյալ Բաբեն Թունյանն ունեցել է առաջարկություններ։ Կառավարությունը համաձայնել է վերանայել մի շարք դրույթներ։

Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասում է՝ օրինագիծը լրամշակվել է  նաև ակցիզային հարկով հարկվող ապրանքներ արտադրողների և ներմուծողների հետ քննարկումների արդյունքում։

Օրինակ,  դասական ծխախոտի համար նախատեսված տարեկան 7-8 տոկոսի բարձրացումը սահամանփակվել է 5 տոկոսով, իսկ ծխախոտային նոր արտադրատեսակների դեպքում 30 տոկոսը դարձել է 25։ Մրգային և հատապտղային օղիների ակցիզային հարկի դրույքաչափը որոշվել է  լրացուցիչ կրճատել 20 տոկոսով։

Գործադիրը առաջարկում է նաև փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։ Եթե նախագիծն ընդունվեր մինչև հունիսի 30-ը, փոփոխությունները կգործեին 2027 թվականի հունվարի 1-ից։ Սակայն քանի որ այն ընդունվում է հուլիսին, Հարկային օրենսգրքով նախատեսված վեցամսյա ժամկետի պահանջով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում  2027 թվականի փետրվարի 1-ը։

Կարդացեք նաև

Back to top button