
Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանին առևտրային նոր արտոնություններ տրամադրել, որոնք կարող են էապես հեշտացնել հայկական ապրանքի մուտքը եվրոպական շուկա։ Սրա մասին հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի նախագահի՝ Երևան կատարած այցի ժամանակ։ Ի՞նչ հնարավորություններ կբացի այս որոշումը, և ի՞նչ ապրանքներ հնարավոր կլինի առանց մաքսային վճարի արտահանել ԵՄ․ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսել է Հանրային հեռուստատեսության եթերում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցը կարելի է համարել ևս մեկ ազդակ, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, և որ Հայաստանի դիմակայունությանը աջակցելը նրանց հստակ որոշումն է՝ շեշտում է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ ԵՄ օժանդակությունը հայկական ապրանքատեսակների նկատմամբ ՌԴ սահմանափակումների ֆոնին է։ Այդուհանդերձ, Կոստանյանը նոր ծրագրերը բացառապես սրանով չի պայմանավորում։
«Ոլորտները, որոնցում մենք աշխատում ենք, մեկ օրում կամ մեկ ամսում չեն ակտիվացել․ այդ աշխատանքն արդեն երկար ժամանակի՝ առնվազն մեկ-երկու տարվա պատմություն ունի, որը ինչ-որ պահի հասնում է իր կուլմինացիային։ Այս ուղղությամբ նախկինում էլ աշխատանքներ իրականացրել ենք։ Հարցն այն է, որ մեծանում է այն աջակցության ծավալը, որը ԵՄ-ն մեզ ցուցաբերում է, և կան գործիքներ ու միջոցներ, որոնք նախատեսված են հենց արտակարգ, ոչ ստանդարտ իրավիճակների համար։ Պետք է ասել, որ իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, ստանդարտ չէ»։
Ոչ ստանդարտ իրավիճակների համար առաջարկված լուծումներից են ինքնավար առևտրային միջոցները, որոնց մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Կոստանյանը մանրամասնեց՝ վերջնական որոշում ԵՄ-ն պետք է կայացնի մի քանի փուլով։ Ի՞նչ է դա ենթադրում.
«Առաջարկված է բավականին մեծ ցանկ, որը ներառում է այն ապրանքատեսակները, որոնք ժամանակին, երբ դեռ գործում էր GSP+ համակարգը, Հայաստանը կարողանում էր ԵՄ արտահանել: Բայց հաշվի առնելով նաև, որ ստեղծված իրավիճակում որոշակի արտադրատեսակներ, մասնավորապես՝ գյուղատնտեսական, որոնք GSP+ ցանկում ներառված չէին, ապա այստեղ նաև հավելյալ ապրանքատեսակներ են հաստատվել Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Իհարկե, տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար սահմանվել են նաև առանձին քվոտաներ, թե քանի տոննա, օրինակ, յուրաքանչյուրից հնարավոր կլինի արտահանել Եվրոպական միություն»։
Հայ տնտեսվարողներից ԵՄ ապրանք արտահանելիս մաքսային վճարում չի պահանջվի։ Կոստանյանը վստահեցնում է, որ դա չի հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին։
«Բացարձակապես չի հակասում։ Այն GSP+ համակարգից, որի մասին նշեցի, Հայաստանն օգտվում էր նաև այն ժամանակ, երբ արդեն իսկ ԵԱՏՄ անդամ պետություն էր։ Այդ համակարգը Հայաստանին տալիս էր հայկական ապրանքատեսակներն առանց մաքսային վճարների դեպի ԵՄ արտահանելու հնարավորություն»։
ԵՄ հանձնաժողովի որոշմանը դեռ պետք է հավանություն տան միության անդամ 27 երկրները, ապա նաև՝ Եվրոպական խորհրդարանը։ Փոխարտգործնախարարը հուսով է, որ սա հնարավորինս կարճ կտևի։ Հայաստանն այժմ առավել ակտիվորեն է աշխատում եվրոպացի գործընկերների հետ։ Տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում շատերը թերահավատ էին՝ հիշեցնում է Կոստանյանը։
«Այսօր ունենք փաստացի շատ կարևոր ապացույց, որ այն հետևողական աշխատանքը, որը տարվել է կառավարության, Արտաքին գործերի նախարարության և գործընկեր մյուս գերատեսչությունների կողմից, ըստ էության, սկսում է արդյունքը տալ»։
ԵՄ երկրներ հնարավոր կլինի առանց մաքսատուրքի արտահանել ապրանքի 90 տոկոսը։ Եվրահանձնաժողովի որոշումը երկու տարվա համար է։ Սա արտոնյալ ժամկետ է, որի ընթացքում պետք է գնահատել լոգիստիկ խնդիրներն ու արտահանման համար պակաս ծախսատար՝ արդյունավետ ուղիները։ Ապրանքների ցանկը բավականին մեծ է։ Դրա մեջ առնվազն այն, այսպես ասած, խոցելի գյուղապրանքներն են, որոնց նկատմամբ սահմանափակումներ է կիրառել ՌԴ-ն։ Ցանկում են նաև խմիչք ու հանքային ջրեր։ Կոստանյանի փոխանցմամբ՝ գործարարներն արդեն նախապատրաստվում են, ավելին՝ թեև դեռ փոքր ծավալով, բայց տարբեր ապրանքատեսակներ արդեն արտահանվում են։ Սուբսիդավորման գործիքներով կառավարությունը փորձում է խթանել դեպի նոր շուկաներ արտահանումը։
«Այն ֆինանսական արտոնությունները կամ սուբսիդիաները, որոնք կառավարությունն արդեն իսկ տրամադրում է, ավելի քան բավարար են, որպեսզի մենք չսպասենք մինչև այս որոշման ամբողջությամբ ուժի մեջ մտնելը»։
Այս ընթացքում Հայաստան կժամանի ԵՄ փորձագետների խումբ, որը կաջակցի շուկաների միջև կապերի ստեղծմանը։ Հայ արտադրողները պետք է ձգտեն ապահովել ԵՄ արտահանման համար սահմանված որակի ստանդարտները։ Առաջնային խնդիրներից մեկն էլ, ըստ փոխարտգործնախարարի, հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում ավելի ճանաչելի դարձնելն է։ Այստեղ արդեն բիզնեսն ինքը պետք է աշխատի։




