
8-րդ գումարման խորհրդարանն ավարտել է աշխատանքը արտահերթ նիստով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժեշտի, շնորհակալության խոսքեր են ասել Ալեն Սիմոնյանին, վերջին լուսանկարով ու ծափահարություններով ճանապարհել նրան։ Սիմոնյանն ամփոփել է նախորդ 5 տարիներն ու հաջողություն մաղթել ԱԺ հաջորդ գումարման նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։
Հոտնկայս ծափերով է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ճանապարհում 8-րդ գումարման խորհրդրանի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Վերջինս չի թաքցնում էմոցիաները․
«Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին, և ես, անկեղծ, շատ հպարտ եմ»։
Պատմություն կերտել արտահայությունը չափազանցված չէ՝ ԱԺ ամբիոնից վերջին ելույթում ասում է Սիմոնյանը։ Նախորդ 5 տարիները Հայաստանի համար իսկապես կենաց ու մահու ճանապարհ են եղել, և ճակատագրական այդ իրադարձությունների ուղիղ կենտրոնում եղել է նաև խորհրդարանը։
«Այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են։ Մերսի շատ, ապրեք բոլորդ»։
Հաջորդ խորհրդարանի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ձևակերպմամբ՝ նաև Ալեն Սիմոնյանի շնորհիվ է իշխանությունն իրականացրել ամենակարևոր՝ խաղաղության խոստումը։
«Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է Ազգային ժողովի նախագահ եղել։ Աշխարհի ամենահեշտ Ազգային ժողովում չէ, որ նախագահ է եղել։ Բոլորդ տեսել եք, թե ինչ մարդկանց, տեղ-տեղ նաև սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել։ Այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ և մենք էլ Ազգային ժողովում` պարոն Սիմոնյանի գլխավորությամբ, հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը` խաղաղությանը»։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որ հաջորդ խորհրդարանում իշխող ուժի փոխնախագահի թեկնածուն է, նկատում է՝ ինչ-որ պատահականությամբ իր՝ 8-րդ գումարման առաջին և վերջին ելույթները Ալեն Սիմոնյանի մասին են։ 5 տարի առաջ նա այս ամբիոնից ներկայացրեց և առաջադրեց վերջինիս թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնի համար և այսօր նույն ամբիոնից հրաժեշտի խոսքեր ու շնորհակալություն է ասում նրան։
«Ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր թեկնածուն և մեր առաջադրած թեկնածությունն իսկապես հաջողված էր։ Հաջողված էր նաև այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահն առաջին Ազգային ժողովի նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով»։
ԱԺ նախագահության աթոռները զբաղեցնող այրերից միայն Ռուբեն Ռուբինյանին կտեսնենք հաջորդ գումարման խորհրդրարանում։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դեռ ընտրություններից առաջ էր հայտարարել, որ մտադիր է պետական համակարգից տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Ռուբեն Ռուբինյան․
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին` իր պարկեշտության և իր քաղաքական սկզբունքայնության համար»։

Խորհրդարանն ավարտում է աշխատանքը՝ առանց ընդդիմադիր պատգամավորների մասնակցության ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը 9-րդ գումարման խորհրդարանում լինելու քաղաքական հայտ չէր ներկայացրել։ «Հայաստան» դաշինքը խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է, բայց կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ հարցին, խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով, կպատասխանի ՍԴ որոշումը լսելուց հետո միայն։
« Սահմանադրական դատարանը ունի 3 տարբերակ որոշում կայացնելու և ելնելով դրանից մենք կվերջնականացնենք մեր դիրքորոշումը։ Բայց այն, որ քննարկումները կան, եթե իրենք ընդունեն ա որոշումը, մենք ի՞նչ գործողության կգնանք, բ որոշուման դեպքում և գ որոշման դեպքում ի՞նչ որոշման կդնենք, իհարկե ունենք»։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 6 ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքները ՍԴ-ում։ Վերջինս հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ցանկացած սցենարի դեպքում դեպքում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, գործողությունների պլան ունեն․
«-Դե ասեք։
— Չեմ ասում։
-Ինչու, հանրությունից թաքցնելու բան ունե՞ք։
-Ոչ մի բան չենք թաքցնում, կլինի Սահմանադրական դատարանի որոշում, կլինի քննարկում, կտեղեկացնենք»։
Մինչև ընդդիմադիրները սպասում են դատարանի որոշմանը, իշխող ուժն ընտրում է հաջորդ խորհրդարանի առանցքային պաշտոնների հավակնորդներին։ Կուսակցության վարչության վերջին նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, նախորդիվ կուսակցությունն ընտրել էր ԱԺ փոխնախագահների թեկնածուներին՝ Վահագն Ալեքսանյան և Հայկ Կոնջորյան։ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։ Քննադատությանը, թե ինչու կուսակցությունը չի սպասում ՍԴ-ի որոշմանը առանքային պաշտոններում առաջադրումներից առաջ, վերջինս արձագանքում է․
«ՔՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում։ ՔՊ-ում որոշում են, թե ում որ պաշտոնին են առաջադրելու, իսկ պաշտոնները ոչ թե բաժանվելու են, այլ պաշտոնները ընտրելու են Ազգային ժողովի պատգամավորները, երբ գա, ձևավորվի նոր խորհրդարանը։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, բա ընդդիմությունը ինչու՞ չի սպասում Սահմանդրական դատարանի որոշմանը և քննարկում է մանդատները վերցնե՞լ, թե՞ չվերցնել»։
Ռուբինյանն արձագանքում է նաև այն քննադատությանը, թե իր՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելը պայմանավորված է Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը լինելով։
«Ես ուզում եմ նախ տեղեկացնել, որ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել, հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90 %–ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են Ազգային ժողովի նախագահ, որպեսզի Ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ»։

9-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն հերքում է նաև այն լուրերը, թե երկար ժամանակ ապրել ու սովորել է Թուրքիայում և ունի թուրքական դիպլոմ։
«Ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-2010 թթ.–ին, հետո Լոնդոնում, երբ մագիստրատուրա եմ ավարտել 2010-11 թթ.–ին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-12 թթ.–ին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել։ Ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել։ Ես թուրքական դիպլոմ չունեմ։ Չկա ինչ-որ մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»։
Ռուբինյանը 2016-2017 թվականներին 5 ամիս անցկացրել է Ստամբուլում՝ գիտական հետազոտություն անելու նպատակով։
9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը մեկ ամսից է՝ օգոստոսի 3-ին։




