Երբ պատրաստվում էր «Կենդանի ձայնադարան» հաղորդման այս թողարկումը, մենք անգամ չէինք կարող պատկերացնել, որ այն եթեր կհեռարձակվի բոլորովին այլ հանգամանքներում։
Նախատեսված էր, որ հաղորդումը կհեռարձակվի հուլիսի 8-ին, սակայն մեր սիրելի գործընկերոջ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան ցավալի լուրը փոխեց ամեն ինչ։ Այսօր «Կենդանի ձայնադարան»-ի այս թողարկումը ներկայացնում ենք որպես հարգանքի և խոնարհումի տուրք հայ երգարվեստի մեծանուն ներկայացուցիչներից մեկի՝ Ռաիսա Մկրտչյանի լուսավոր հիշատակին։
Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործությունների անզուգական մեկնաբան Ռաիսա Մկրտչյանն իր բացառիկ արվեստով և անկրկնելի ձայնով հավերժ տեղ ունի հայ հանդիսատեսի սրտում և ազգային մշակույթի պատմության էջերում։
Այս թողարկումը մեր խոնարհումն է Մեծ արվեստագետի հիշատակին։ Ստուդիայում՝ Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝ Մարտին Վարդազարյան։




