ԿարևորՌեպորտաժներՍպորտ

Ճգնաժամ. գերմանական ֆուտբոլի «ցավոտ ախտորոշումը». աշխարհի առաջնությունում պարտությունից հետո մեղավորների փնտրտուք է սկսվել

Գերմանիայի ազգային հավաքականն ավարտել է ելույթները ֆուտբոլի աշխարհի առաջնությունում՝ 1/16 եզրափակիչում պարտվելով Պարագվային։ Եթե նախկինում այս արդյունքն անակնկալ կհամարվեր, ապա այսօր այն արդեն շատերի համար օրինաչափություն է։ Գերմանական մամուլը գրեթե միաձայն պնդում է՝ խնդիրը ոչ թե մեկ–երկու անհաջող հանդիպումներն են, այլ տարիներով կուտակված խնդիրները, որոնց պատասխանատուն գլխավոր մարզիչն է։

Գերմանիայի հավաքականը հերթական անգամ չարդարացրեց սպասումները՝ աշխարհի առաջնության հետխմբային փուլի վճռորոշ խաղում պարտվելով Պարագվային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ եղան պարագվայցիները՝ հաղթելով 4:3 հաշվով։

Սա պատահական անհաջող հանդիպում չէ՝ նկատում են գերմանական լրատվամիջոցները, հիշեցնելով, որ 2018 և 2022 թվականներին գերմանացիները նույնիսկ խմբային փուլը չէին հաղթահարել, իսկ այս անգամ՝ ընդլայնված ձևաչափով անցկացվող աշխարհի առաջնությունում, կանգ առան արդեն առաջին փլեյ-օֆֆում։ Այդ պատճառով էլ գերմանական մամուլը խոսում է ոչ թե պատահականության, այլ խորքային ճգնաժամի մասին։ Լրատվամիջոցները հեգնում են՝ Գերմանիան պարզապես ավելի ուշ արեց այն, ինչ վերջին տարիներին սովորաբար անում է՝ դուրս մնալ պայքարից։

«Հակառակ անհաջողություններին՝ տարիներ շարունակ աշխարհում խոսում էին Գերմանիայի հավաքականի որակի և ներուժի մասին, ինչը ճակատագրական մոլորություն էր։ Գերմանական ֆուտբոլն այլևս համաշխարհային առաջատարների մեջ չէ։ Սա ցավալի, բայց անհերքելի փաստ է»։

Այսպիսի եզրակացության է հանգել Die Welt-ի մեկնաբանը՝ փորձելով բացատրել հերթական ձախողման պատճառները։ Ըստ այդմ՝ ձախողման հիմքում չորս պատճառ կա՝ խաղացողների ընդհանուր մակարդակի անկումը, առողջ մրցակցության բացակայությունը, գլխավոր մարզչի վիճահարույց որոշումները և մրցաշարի ընթացքում ունեցած կադրային կորուստները։

Սակայն եթե Die Welt-ը փորձում է համակարգային բացատրություն տալ, ապա Focus-ը հարցն ավելի կոշտ է ձևակերպում․ որքանո՞վ է այս ամենի համար պատասխանատու գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։ Արդարացումներ փնտրելն արդեն անիմաստ է՝ եզրափակում է պարբերականը․

 «Ժամանակներ կային, երբ Պարագվայի նման հավաքականներին համարում էինք անհարմար մրցակից, բայց ոչ անհաղթահարելի։ Այսօր հարցն այլ կերպ է հնչում․ հարավամերիկացինե՞րն են ավելի ուժեղ դարձել, թե՞ մենք ենք ավելի թույլ»։

Հեղինակի համոզմամբ՝ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ձախողել է բոլոր ուղղություններով՝ կադրերի ընտրությունից մինչև խաղի կառավարման սկզբունքներ։

Նույն տրամաբանությունն է զարգացնում նաև հանրային հեռարձակողի՝ ARD-ի Sportschau հարթակը։ Այստեղ արդեն բաց տեքստով քննարկվում է գլխավոր մարզչի փոփոխության հարցը․

«Մի քանի օր առաջ դեռ ասում էին, թե հաղթողի հոգեբանությունը գերմանական ֆուտբոլի ԴՆԹ-ում է։ Աշխարհի երեք անհաջող առաջնություններից հետո գերմանական ֆուտբոլին առաջին հերթին առողջ ինքնագնահատական է անհրաժեշտ։ Մարզիչը, որ մի բան է ասում, բայց մեկ այլ բան անում, կորցնում է թե՛ ֆուտբոլիստների, թե՛ երկրպագուների վստահությունը»։

Ամենախիստ գնահատականներից մեկը հրապարակել է Süddeutsche Zeitung-ը՝ իր անդրադարձը վերնագրելով «Մեկը պետք է Նագելսմանին ասի՝ բավական է»․

«Եթե Նագելսմանն ինքն էլ չի հասկանում, որ հեռանալու ժամանակն է, ապա մեկը պետք է իր վրա վերցնի այդ տհաճ պարտականությունն ու նրան պարզապես ասի՝ բավական է։ Գերմանիայի հավաքականը, պարտվելով Էկվադորին և Պարագվային, հավանաբար հասել է իր պատմության ամենացածր կետին»։

Հատկանշական է, որ հենց պարտությունից հետո Նագելսմանը հայտարարել էր, թե մտադիր չէ հեռանալու և շարունակելու է աշխատանքը՝ մինչև պայմանագրի ավարտը։

Մինչ մարզական մեկնաբանները փորձում են վերլուծել անհաջողության պատճառները, սոցիալական ցանցերում քննարկման գլխավոր թեման Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գրառումն է։ Նա շնորհակալություն է հայտնել հավաքականին՝ ընդգծելով, որ թիմն իր նվիրումով ոգեշնչել է ողջ երկիրը, և գերմանացիները պետք է հպարտանան ֆուտբոլիստներով։ Լավատեսական ուղերձը երկրպագուների շրջանում ավելի շատ զարմանք, քան ոգևորություն է առաջացրել։ X սոցիալական հարթակում արագ տարածվել է հեգնական հարցը․ իսկ կանցլերն ընդհանրապես ո՞ր խաղն էր դիտել։ Մերցն ավելի ուշ նոր գրառմամբ կոչ է արել շարունակելու աջակցել հավաքականին՝ ընդգծելով, որ իսկական երկրպագուները թիմի կողքին են մնում նաև պարտության ժամանակ։

Ի դեպ, աշխարհի այս առաջնությունն ինքնին պատմական է։ Այն առաջին անգամ անցկացվում է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մասնակիցների թիվը 32-ից դարձել է 48։ Մրցաշարի ընդլայնված ձևաչափը պետք է ավելի մեծ մրցակցություն ապահովեր, սակայն այն ցույց տվեց նաև, որ ֆուտբոլում հեղինակությունը վաղուց այլևս հաղթաթուղթ չէ։ Անցյալի տիտղոսները խաղադաշտում չեն հաղթում։

Այս պահին աշխարհի առաջնությունը մտնում է վճռորոշ փուլ, որտեղ արդեն պայքարը շարունակում են այն հավաքականները, որ կարողացել են հաղթահարել առաջին նոկաուտային արգելքը։ Իսկ Գերմանիայում, ինչպես ցույց են տալիս մամուլի հրապարակումները, մրցաշարը դեռ չի ավարտվել։ Այն պարզապես խաղադաշտից տեղափոխվել է խմբագրություններ, հեռուստաստուդիաներ և ֆուտբոլային միության ղեկավարության աշխատասենյակներ, որտեղ այժմ փորձում են պատասխան գտնել ամենացավոտ հարցին, թե ինչպես կարելի է վերականգնել գերմանական ֆուտբոլի երբեմնի հեղինակությունը։

Կարդացեք նաև

Back to top button