ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

44 կետ Հայաստանի և ԵՄ-ի մասին․ «Ռադիոլուր»-ն ուսումնասիրել է Հռչակագիրը

2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացվեց ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Այն, որ միջոցառումը շարունակական է լինելու, փաստում են թվերը։ Հայաստանի վարչապետն ակնարկել էր, որ եթե սա առաջինն է, լինելու է նաև երկրորդը, երրորդը՝ հետագա շարունակությամբ։

Գագաթնաժողովը համատեղ Հռչակագիր ընդունեց, որով վերահաստատվում է ԵՄ-ի հանձնառությունը հետագայում ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու երկրի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին։ «Ռադիոլուր»-ն ուսումնասիրել է 44 կետանոց փաստաթուղը։

Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների նոր մակարդակը սահմանող 44 կետից բաղկացած հիմնական փաստաթուղթը ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրն է, որն ընդունվեց 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում: Այս փաստաթուղթը լրացնում է ավելի վաղ՝ 2025թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը հիմք է հանդիսացել առաջին գագաթնաժողովի համար:

Հռչակագրի 44 կետերը ներառում են համագործակցության հետևյալ առանցքային ուղղությունները.

  • Ռազմավարական գործընկերություն․ Հաստատվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների անցումը ռազմավարական մակարդակի:
  • Անվտանգություն և պաշտպանություն․ Աջակցություն ՀՀ զինված ուժերին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով և համագործակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ:
  • Տնտեսություն և կապակցվածություն․ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցություն և տնտեսական դիվերսիֆիկացիա:
  • Վիզաների ազատականացում․ Հստակ քայլեր վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ:

Այն համագործակցությունը, որը ներկայացված է 44 կետով, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ձևակերպեց ավելի մատչելի և հակիրճ։

«ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը որդեգրվեց անցյալ դեկտեմբեր ամսին, և այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք և ամրացնում էինք մեր հարաբերությունները։ Մենք նաև սերտորեն աշխատում ենք անվտանգային և պաշտպանության ոլորտներում` եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում` համատեղ ջանքեր կիրառելով հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ինչպես գիտեք, Եվրոպական Միության գործընկերության առաքելությունը հաստատվեց անցյալ ապրիլին և նպատակ է հետապնդում ամրացնելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը, և սա շոշափելի առավատչյա է մեր համատեղ հանձնառությանը` դեմն առնել համատեղ մարտահրավերների։ Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը` ընտրելու իր իսկ ճակատագիրը»։

Նոր կնքված միջազգային փաստաթղթերի պաշտոնական ամբողջական հայերեն թարգմանությունները Հայաստանի արտգործնախարարության կայքի «Միջազգային պայմանագրեր» բաժնում սովորաբար հրապարակվում են բուն իրադարձությունից ավելի ուշ։ Ուստի ներկայացնում ենք անգլերեն հրապարակված փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունը։    

Հռչակագրի առաջին իսկ կետերով ամրագրվում է, որ ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և վերահաստատում , որ Հայաստանի ապագան պետք է ազատորեն և ժողովրդավարական ճանապարհով որոշվի նրա քաղաքացիների կողմից։ Փաստաթղթում ամրագրված այս կետերը և եվրոպական երկրների առաջնորդների՝ վերջին երկու օրերի տարբեր հայտարարությունները նախընտրական մթնոլորտում գտնվող  հայաստանյան քաղաքական դաշտի մի հատվածը ընկալեց որպես Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ և անթաքույց աջակցություն իշխող կուսակցությանը։

Մինչդեռ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ընդգծում է․ «Մենք համագործակցում ենք ԵՄ գործընկերների հետ հստակ ուղղություններով՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ դա կիբերանվտանգությունն է, դա տեղեկատվական հարցերն են։ Նաև կա որոշակի համագործակցություն ապօրինի ֆինանսական միջոցների ուղղությամբ, և ոչ միայն Եվրամիության հետ է այս համագործակցությունը տեղի ունենում, այլ տարբեր ուրիշ գործընկերների։ Այս ամեն ինչը ուղղված է Հայաստանում ընտրությունների թափանցիկությունը և արդարությունը ապահովելուն։ Միջամտության մասին խոսք չի կարող գնալ»։

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագրում անդրադարձ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Ուկրաինայի ճգնաժամի հարցում կողմերի դիրքորոշմանը։ Հռչակագրի 10-րդ կետը հստակ խոստում է պարունակում։ Մեջբերում․   

«270 միլիոն եվրոյի «Դիմակայունության և աճի ծրագիրը» շարունակում է առաջ մղել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը, ամրապնդել ոլորտային համագործակցությունը և խթանել ներդրումները էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի ոլորտներում: Կարող են դիտարկվել 2027 թվականից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիներ՝ երկրի բարեփոխումների օրակարգը և ԵՄ-ի հետ ավելի սերտ համապատասխանեցումը շարունակելու համար»:

Հաջորդող՝ 11-րդ կետով ամրագրվել է․ «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի: Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խթանելու ներառական աճը և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված կապի բարելավումը։ Հռչակագրով կողմերը ողջունել են նաև ԵՄ-ՀՀ կապակցման գործընկերությունը և ընդգծել դրա երեք ուղղությունների՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ռազմավարական կարևորությունը։

Կապի վերաբերյալ ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի երկխոսությունը կապահովի տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում համակարգված համագործակցության հարթակ, կուժեղացնի  ռազմավարական ներգրավվածությունը, հուշում է Հռչակագրի 14-րդ կետը։ Հաջորդ կետերով ԵՄ–ն վերահաստատում է հանձնառությունը միջուկային անվտանգության ոլորտում շարունակական համագործակցության վերաբերյալ: 19-րդ կետով պարտավորություն է ստանձնում աշխատելու միասին՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել թվային ոլորտում համագործակցության չօգտագործված ներուժի օգուտները:

ԵՄ-ն ողջունում է նաև Հայաստանի մտադրությունը՝ միանալու  Chips Joint Undertaking-ին (Chips JU), ինչը կնպաստի հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ավելի մեծ համագործակցությանը, որակավորված աշխատուժի փոխանակմանը, կխթանի տեխնոլոգիական նորարարությունները և կնպաստի ԵՄ-ի առաջատար դիրքին կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում:

26-րդ կետով հռչակագիրը սահմանում է, որ կողմերը կօգտագործենք առկա ներուժը՝ համագործակցությունն ավելի խորացնելու համար՝ ընդհանուր մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու և Հայաստանի դիմադրողականությունը ամրապնդելու համար: Հետևաբար, ԵՄ-ն և Հայաստանը պարտավորվում են ավելի զարգացնել, խորացնել և ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը անվտանգության և պաշտպանության բոլոր թեմաների շուրջ: Հռչակագրի 28-րդ և 29-րդ կետերը սահմանում են, մեջբերում․

«ԵՄ նոր գործընկերության առաքելության ստեղծումը Հայաստանում կնպաստի Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և ճգնաժամերը կառավարելու նրա կարողությանը՝ համապատասխան հայկական հաստատություններին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու միջոցով։ Մենք ողջունում ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին տրամադրված ոչ մահացու օգնության երկու փուլը՝ 30 միլիոն եվրոյի չափով, որը նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը և արագացնելու նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայվողներին, հնարավոր ապագա մասնակցության դեպքում»։

ԵՄ-ն նաև ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ համագործակցությունը ամրապնդելու հարցում՝ նպատակ ունենալով, որ Հայաստանի համապատասխան ռազմական և քաղաքացիական կրթական հաստատությունները դառնան դրա ասոցացված ցանցային գործընկերներ։

Տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը, կրթությունը, հետազոտությունները և նորարարությունը, երիտասարդությունը, սպորտը, մշակույթը և առողջապահությունը․ սրանք այն ոլորտներն են որոնց առնչվում են Հռչակագրի հաջորդ կետերը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նշել է․ «Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է ԵՄ-ն ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է թևակոխել խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի կոնսոլիդացիայի, և սա իսկապես լավ միջավայր է ստեղծում մեր երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար։ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը, և սա է նաև ապագան»։

Հայաստստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի Հռչակագրի վերջին՝ 44-րդ կետով կողմերը սահմանել են, որ անհամբեր սպասում են Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերությունը զարգացնելու քայլերի հետագա ուսումնասիրությանը՝ ի շահ ժողովուրդների և բիզնեսի։

Կարդացեք նաև

Back to top button