
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում հայտնել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով։
« Հորմուզի նեղուցով անցնելուց հետո կառավարվող հրթիռներով ԱՄՆ ականակիրները «Ազատություն նախագծի» (Project Freedom) շրջանակներում գործում են Պարսից ծոցում։ Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելով առևտրային նավերի անցումը։ Որպես առաջին քայլ, ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով և անվտանգ առաջ է շարժվում», — ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել էր «Ազատություն նախագծի» մեկնարկի մասին, որի նպատակն է ապահովել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում արգելափակված հարյուրավոր առևտրային նավերի անվտանգ ելքը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն արդեն հայտնել են, որ ժամեր առաջ կանխել են ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հորմուզի նեղուց։
«Մեր ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ նախազգուշացման շնորհիվ կանխվել է ամերիկյան սիոնիստական թշնամական ուժերի էսկադրային ականակրի մուտքը Հորմուզի նեղուց»,-հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը։




