Սփյուռքի ձայնը

«Հիշողությունն ոչ թե բեռ է, այլ ինքնության վառելիք»․Ցեղասպանության ժառանգները 111 տարի անց. «Սփյուռքի ձայնը»

Հիշողությունը տարօրինակ հատկություն ունի. այն կարող է լռել տասնամյակներով, բայց հետո հանկարծ արթնանալ Բրյուսելի մի գիտաշխատողի ձայնում կամ Բեյրութի խմբագրատան թերթերի խշխշոցի մեջ։ Երբ խոսում են Ցեղասպանության չորրորդ կամ հինգերորդ սերնդի ներկայացուցիչները, նրանք ոչ թե պատմություն են վերաշադրում, այլ պատմում են իրենց արյան շրջանառության մասին։

«Սփյուռքի ձայնը» հաղորդման շրջանակներում Նիկոլաս Թավիթյանն ու Շահան Գանտահարյանը բացեցին իրենց ընտանեկան արխիվները՝ ցույց տալով, որ 1915-ը ոչ թե անցյալ է, այլ շարունակվող ներկա՝ ապրողների մեջ։

Ինտրիգ Պոլսի սրտում. Բարսեղ Շահպազի առեղծվածը

Նիկոլաս Թավիթյանի պատմությունը սկսվում է Ստամբուլից՝ մի վայրից, որտեղ թվում էր՝ հայերը պաշտպանված են։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Նրա նախնիների մեջ կար մեկը՝ Բարսեղ Շահպազը՝ դաշնակցական հայտնի ղեկավարը։ «Նա հետապնդվեց ու մահացավ ապրիլի 24-ից հետո»,— պատմում է Նիկոլասը։ Մինչ հազարավոր ընտանիքներ քշվում էին դեպի Դեր Զոր, նրա մեծ ծնողները երեխաներին փրկում էին Բուլղարիայում, իսկ հետո հայտնվում Ֆրանսիայի անտառներում։ Ամենահուզիչ դրվագը Լուար է Շեր շրջանի անտառի մեջ թաքնված որբանոցն է։ Պատկերացրեք՝ ֆրանսիական խիտ անտառ, որտեղ Պոլսից մազապուրծ եղած հայ երեխաները նոր կյանք էին սկսում Գարագյոզյան հիմնադրամի հովանու տակ։ Սա միայն գոյատևման պատմություն չէ, սա հայկական վերածննդի «ինկուբացիոն շրջանն» էր անտառի խորքում։

Գաղթի քարտեզը. Սասունից մինչև Բեյրութ

Եթե Նիկոլասի պատմությունը «անտառային» է, ապա Շահան Գանտահարյանի նախնիների քարտեզը հիշեցնում է Մերձավոր Արևելքի զարկերակը։ Հայրական կողմից՝ Այնթապ, մայրականից՝ Սասուն։ «Տեղափոխվել են Սիրիա, Դամասկոս, հետո Լիբանան, վերադարձել են Հալեպ, վերջը՝ դարձյալ Լիբանան»,- ասում է Շահանը։ Սա ոչ թե ճամփորդություն էր, այլ փրկության անվերջանալի վազք։ Նրա հայրը հետագայում դարձավ կրթամշակութային գործիչ՝ թղթին հանձնելով այն ամենը, ինչը թուրքական յաթաղանը փորձում էր ջնջել։

Ինքնության նոր զենքը. Կապույտ անձնագիր

Ի՞նչն է այսօր սփյուռքահային դարձնում հայ։ Արդյո՞ք միայն տատիկի պատմած հուշերը։ Շահան Գանտահարյանը առաջ է քաշում մի շատ պրագմատիկ, բայց կարևոր թեզ՝ Հայաստանի անձնագիրը։ «Այդ իրավական փաստաթուղթը՝ անձնագիրը, պատկանելիության առումով շատ կարևոր է, ինչը նաև ազգային ինքնության համար հզոր գործոն է»։ Ըստ նրա՝ սա 21-րդ դարի հայապահպանության ամենահզոր գործիքն է, որը սփյուռքահային հուշերից տեղափոխում է իրավական դաշտ։

Թուրքիան «նորմալ» պետություն չէ՞

Նիկոլաս Թավիթյանը գնում է ավելի հեռու՝ հարցականի տակ դնելով Թուրքիայի և Ադրբեջանի «նորմալության» աստիճանը։ Նրա ձևակերպումը կտրուկ է և քաղաքականապես ինտրիգային. «Թուրքիան, Ադրբեջանը նորմալ պետություններ չեն… Սա նորմալ չէ, որ պետությունը սպանի փոքրամասնություններին»։ Նա զուգահեռներ է անցկացնում Գերմանիայի և Իսրայելի հետ՝ պնդելով, որ քանի դեռ չկա փոխհատուցում և ճանաչում, այդ պետությունները չեն կարող համարվել քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ։ Այսօր Ցեղասպանության ժառանգներն այլևս միայն զոհեր չեն, որոնք լաց են լինում Ծիծեռնակաբերդում։ Նրանք Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի գիտաշխատողներ են, թերթերի խմբագիրներ ու քաղաքական գործիչներ։ Նրանց պահանջը փոխվել է. հիմա նրանք ուզում են տեսնել կառուցակարգված Սփյուռք, որը կունենա իր ձայնը Հայաստանի խորհրդարանում։ Ինչպես Նիկոլասի մեծ մայրիկը՝ Զարուհին, որը գրեց իր կյանքի վեպը, այսօրվա սերունդը գրում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր գլուխը, որտեղ հիշողությունը ոչ թե բեռ է, այլ վառելիք։

Կարդացեք նաև

Back to top button