ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Նամակ Բաքվի բանտից, ազդակներ Ստամբուլից․ հայ գերիների հարցը օրակարգայի՞ն է դառնում

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կոնկրետ առաջարկով։

Բաքվում պահվող հայ գերիների մասին խոսել է նաև Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ստամբուլից վերադառնալուց հետո ֆրանսիացի գործընկերների հետ արդեն Երևանում քննարկել է գերիների վերադարձի հարցը։

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանին խնդրում է դիտարկել իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս գերիների ընտանիքի անդամների հետ Բաքու այցելելու հնարավորությունը։ Վարդանյանը հարազատների հետ հեռախոսազրույցի ժամանակ ՄԻՊ–ին փոխանցած ուղերձում ընդգծել է, մեջբերում, «այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև»։

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի նախկին պետնախարարը Անահիտ Մանասյանին հարցնում է՝ արդյո՛ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը գերիների հարազատների մասնակցությամբ, ինչպե՛ս է նրա ղեկավարած հաստատությունը ծրագրում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ, ձերբակալության պահից սկսած Հայաստանի ՄԻՊ գրասենյակը ի՛նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս նշել է, որ հայ գերիները Բաքվում լիակատար մեկուսացման մեջ են, իսկ ադրբեջանական կողմը չի արձագանքում իր պաշտոնական հարցումներին: Ռուբեն Վարդանյանի ուղերձին պաշտոնական արձագանք ՄԻՊ գրասենյակից դեռ չի հրապարակվել։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ժամանակ նա արծարծել է կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այսինքն՝ դրանք այն գործոններն են, որոնք ուղիղ ազդում են կալանքի տակ պահվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։

Հայաստանի օմբուդսմենին փոխանցած ուղերձում Ռուբեն Վարդանյանը հայտարարում է. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»։

ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում առանց հարազատների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից․ սա է իրողությունը։ Ռուբեն Վարդանյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ Ադրբեջանի հետ բանակցություններում հայ բանտարկյալների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն։

Հայաստանի ղեկավարությունը, սակայն, երբեք չի ընդունել այսպիսի ձևակերպումները, քանի որ պնդում է, որ մշտապես տարբեր հարթակներում շոշափել է այս հարցը և անդրադարձել գերիների խնդրին։ Այսպես, օրերս Ստամբուլում Միջխորհրդարանական միության՝ IPU-ի 152-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․

«Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն»։

Արդեն Երևանում Ալեն Սիմոնյանը Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված խնդիրները հնչեցրել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկումներում։

Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս տարի հանդես էր եկել հայտարարությամբ, որը վերաբերում էր Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ավելի վաղ հրապարակած ձայնագրությանը և ուղերձին: Անահիտ Մանասյանը մի քանի կետ էր արձանագրել այդ ձայնագրությունից։

Պաշտպանը խոր մտահոգություն էր հայտնել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության և այն ձայնագրության կապակցությամբ, որում լսվում է, թե ինչպես է հեռախոսազրույցը բռնի կերպով ընդհատվում: Պաշտպանն ընդգծել էր, որ Վարդանյանի ուղերձը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են և զրկված են իրենց իրավունքների պաշտպանության որևէ արդյունավետ մեխանիզմից:

Նա հայտարարել էր, որ մտադիր է այդ փաստերի վրա հրավիրելու միջազգային բոլոր գործընկերների ուշադրությունը՝ շեշտելով, որ նման պայմաններում գերիներին «ամեն բան կարող է պատահել»: Եվ վերջապես ՄԻՊ-ն անդրադարձել էր նաև այն փաստին, որ դատավճռից շաբաթներ անց ո՛չ Ռուբեն Վարդանյանը, ո՛չ էլ մյուս պաշտոնյաները չէին ստացել դատավճիռների պաշտոնական տեքստերը որևէ լեզվով, ինչը խաթարում է բողոքարկման իրավունքը: 

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մշտապես կարևորել է Բաքվի դատավարությունների վճիռներն ունենալու փաստը։ Դա հնարավորություն կտա անելու իրավական հնարավոր հաջորդ քայլը միջազգային ատյաններում, եթե չգործի քաղաքականությունը։ Ըստ իրավապաշտպանի՝ դատական ընթացքը շատ կարևոր էր, քանի որ, որքան էլ զարմանալի է հնչում, ապահովագրում էր գերիների անվտանգությունը։ Թեև դատական նիստերը դռնփակ էին և հասանելի չէին անգամ միջազգային կառույցներին, ադրբեջանական կողմը շահագրգռված էր, որ այդ ընթացքում հայերին ոչինչ չպատահի, բացատրում է Սահակյանը․

2 – «Սկանդալային քննարկումներ են առաջ բերելու Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվության տեսանկյունից, և իմ գնահատմամբ՝ նրանք ևս հետևողական են, որ որևէ հայ չմահանա ադրբեջանական բանտերում գտնվելու ժամանակահատվածում։ Որհետև դատական գործընթացներ կան, որոնք կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանությանն են առնչվում։ Երկրորդը, եթե խնդիրները քաղաքական ճանապարհով լուծում չստանան, բանակցությունները մտնեն փակուղի, մենք ունենանք այս անձանց ազատ արձակման իրավական լծակը և դատական ճնշումը օգնի, որպեսզի նշված անձինք ազատ արձակվեն։ Բայց դատական գործընթացները դրանք ավելի երկարաժամկետ հեռանկարում դիտարկվող պրոցեսներ են»։

Իրավապաշտպանը փաստում է, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցում տարբեր հարթություններում աշխատանքներ կատարվել են և կատարվում են․  

3 – «Քաղաքացիական հասարակության ինստիտուտները աշխատում են, և կարծում եմ` իրենք անփոխարինելի դեր են կատարում, երբ միջազգային գործընկերներին իրազեկում են իրավիճակի, խնդիրների և հարցի լուծման հրատապության մասով։ Սակայն ազատ արձակումը ունի քաղաքական տարր, և յուրաքանչյուր վերադարձի հետևում կան պայմանավորվածություններ, բանակցություններ։

Ուստի, եթե մենք չենք խոսում իրավական ճանապարհով վերադարձի մասին, հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Առանց նրանց ներգրավման, առանց բանակցային գործընթացի, մենք ուղղակի հարցը կտանենք փակուղի։ Դրա համար լավագույն մոդելը դա փոխհամագործակցված գործելն է։ Հանրային իշխանությունը պետք է պահանջատեր լինի, որպեսզի բանակցություններով օր առաջ լուծում ստանա այդ խնդիրը, իսկ քաղհասարակության ինստիտուտը պետք է ճիշտ միջավայր ձևավորի և միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով` լրացուցիչ ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցը իր լուծումը ստանա»։

Միջազգային ճնշման տեսանկյունից, ի դեպ, Ստամբուլում ևս մի շարք ուշագրավ  առանցքային հայտարարություններ էր արել Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։ Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը  հայտարարել էր, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորում՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Ալեն Սիմոնյանն այդ իրավիճակը համեմատել է գերության հետ։ «Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի»,– հայտարարել է նա։

Իսկ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանն ասել է․

«Մենք Ադրբեջանի հետ լուծելու շատ հարցեր ունենք: Մեր առաջնահերթությունների շարքում է այնտեղ դեռևս պահվող 19 ղարաբաղցիների, ինչպես նաև հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Հույս ունենք, որ այս հարցը ժամանակի խնդիր կդառնա»:

Միջազգային հանրությունից Շվեյցարիան պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու, այսպես կոչված, «պաշտպանող տերության»՝ Protecting Power–ի դերը Բաքվում պահվող հայ գերիների համար: Այս կարգավիճակը թույլ կտար շվեյցարական կողմին պաշտոնապես ներկայացնել գերիների շահերը այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Բայց դրա համար անհրաժեշտ է ստանալ ՀՀ պաշտոնական հրավերը։

Կարդացեք նաև

Back to top button