Երաժշտական եռանկյունի

Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը հայտնություն» ալբոմի ստեղծման պատմությունը և անցած ճանապարհը․ «Երաժշտական եռանկյունի»

Վահան Արծրունու ստեղծագործական ուղին առանձնանում է գաղափարական ամբողջականությամբ, որտեղ ազգային երաժշտական մտածողությունը միաձուլվում է արդի արտահայտչամիջոցների հետ։ Նրա ծննդյան 60 և համերգային գործունեության 40-ամյակների համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը, որը հանդիսանում է ոչ միայն հոբելյանական շրջանի առանցքային ձեռքբերում, այլև ամբողջ ստեղծագործական կյանքի հանգուցային փուլերից մեկը։ Այս ստեղծագործության հիմքում դրված են Կոմիտասի տասը բանաստեղծություններ, որոնք Արծրունու մոտ վերածվում են երաժշտական ինքնուրույն աշխարհի՝ բացահայտելով բանաստեղծության ներքին հնչյունային էությունը։

Երգաշարը ձևավորված է որպես վոկալ-գործիքային կամերային ամբողջություն՝ գրված ձայնի, լարային կազմի, երգչախմբի, դասական և ավանդական փողայինների, ինչպես նաև հարվածայինների համար։ Այս բազմաշերտ գործիքավորումը հնարավորություն է տալիս բացահայտել կոմիտասյան խոսքի տարբեր շերտերը՝ հնչյունային, հոգևոր և իմաստային։ Այստեղ բանաստեղծությունը պարզապես չի ուղեկցվում երաժշտությամբ, այլ դառնում է դրա կառուցվածքային հիմքը, իսկ երաժշտությունը՝ մեկնաբանության և «հայտնության» միջոց։

«Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը լույս է տեսել համանուն ալբոմում, որը հրատարակվել է 2002 թվականին։ Այն արդեն 2003-ին ճանաչվել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ», իսկ 2004-ին ԱՄՆ հայկական երաժշտական մրցանակաբաշխության կողմից արժանացել է երկու մրցանակի՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում» անվանակարգերում։

Երգաշարը բազմիցս ներկայացվել է համերգային կատարումներով Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Միջին Արևելքում և Եվրոպայի մի շարք երկրներում՝ հաստատելով իր համընդհանուր ընկալելիությունը և գեղարվեստական արժեքը։ 2007 թվականին այն ամբողջությամբ ընդգրկվել է հանրակրթական դպրոցի պետական չափորոշիչ ծրագրում և ներկայացվել 4-7-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի դասագրքերում, ինչը վկայում է ստեղծագործության կրթական և մշակութային նշանակության մասին։ Ձայնասկավառակը 2002-2005 թվականներին ունեցել է երեք վերահրատարակում, իսկ 2004-ին թողարկվել է նաև համերգային կատարմամբ DVD տարբերակը։

Այս երգաշարը կարելի է դիտարկել որպես Կոմիտասի բանաստեղծության երաժշտական հայտնության յուրօրինակ դրսևորում, որտեղ բառը վերածվում է հնչյունի, իսկ հնչյունը՝ հոգևոր փորձառության։ Արծրունին ոչ միայն վերաիմաստավորում է կոմիտասյան ժառանգությունը, այլ նաև ստեղծում է նոր գեղարվեստական համակարգ, որտեղ անցյալը և արդիականությունը միավորվում են մեկ ամբողջության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button