Երկրորդ շնչառություն

Հայկական ասեղնագործության պահապանները․ Աբգարյան քույրերի կեսդարյա ճանապարհը. «Երկրորդ շնչառություն»

Անժելա և Անահիտ Աբգարյանները ժողովրդական վարպետներ են, որոնք իրենց ամբողջ գիտակցական կյանքն անմնացորդ նվիրել են ձեռագործ աշխատանքին՝ հայկական ավանդական ասեղնագործությանը։ Քույրերը հիշում են, որ ասեղնագործել են մանկուց. սովորել են երկու կողմի տատիկներից ու գորգագործ մորից:

«Այսօր մենք ավանդական ասեղնագործության նրբությունները սովորեցնում ենք երեխաներին՝ նրանց փոխանցելով հայկական ավանդական ասեղնագործության գաղտնիքներն ու նրանց միջոցով նոր կյանք տալով հայկական ձեռարվեստին», — ասում է Անժելան՝ հավելելով, որ թոշակի անցնելուց հետո ասեղնագործություն սովորել ցանկացող անձանց թիվը տարեցտարի ավելանում է:

Քույրերը տիրապետում են ձեռագործ արվեստի տարբեր հմտությունների և այսօր իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են նոր սերնդին՝ սովորեցնելով հայկական ասեղնագործության ավանդական ձևերն ու արժեքները։ Անժելա Աբգարյանի խոսքով՝ տարիների ընթացքում, յուրացնելով ավանդական հայկական ասեղնագործության դպրոցի տեխնիկաները, իրենք սկսել են ստեղծել նոր համադրություններ:

Պատմում են, որ իրենց գործունեության ընթացքում ունեցել են նաև տարեց աշակերտներ: «Երբ աշխատում էի ուսումնարանում, գրեթե չկային ավագ սերնդի մարդիկ, որ ուզում էին ասեղնագործություն սովորել. տարեցտարի իրավիճակը փոխվեց: Մարդիկ սովորում են, որ գումար վաստակեն կամ իրենց ձեռքով գործածն իրենց թոռներին՝ որպես հիշատակ նվիրեն»,- ասում է Անահիտը: Աբգարյանները պատմում են, որ Մատենադարանում պահվում են նմուշներ, որոնք պետք է ուսումնասիրել, վերակենդանացնել ու փոխանցել սերունդներին, ինչի համար պետական մոտեցում և հովանավորություն է հարկավոր: Միայն այդ պարագայում է հնարավոր հարևան պետությունների նկրտումներից զերծ պահել հայկական ձեռարվեստը:

Կարդացեք նաև

Back to top button