
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական անձնակազմին խոստացել է հետեւողական լինել թատրոնի շենքի վերականգնման աշխատանքները աջակցելու հարցում։
Դեսպանը թատրոնի կոլկետիվի հետ հանդիպել է այսօր։ Մինչեւ հանդիպումը նա թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է թատրոնի շենքում։
Թատրոնի շենքը արդեն քանի տարի է վթարային է, ինչի պատճառով ադամյանցիները ստիպված են ներկայացումներ խաղալ այլ թատրոնների հարկի տակ: Բացի թատրոնի անձնակազմից, այս հարցով մտահոգված է նաև Վրաստանի հայերի միությունը:
Վրաստանի մշակույթի նախարարությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ, խոստացել է թատրոնում ամրացման աշխատանքներ սկսել: Հայաստանի կառավարությունը ևս պատրաստակամ է օգնություն ցուցաբերել:
Դեսպան Վարդանյանը թատրոնի կոլեկտիվին խոստացել է հետևողական լինել այս հարցում, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում կարելի լինի հասնել խնդրի լուծմանը: Թատրոնի դերասաններն ու ռեժիսորները ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի կողմից որևէ կոչման չեն արժանացել։ Դեսպանը խոստացել է այս հարցի շուրջ ևս քննարկում ունենալ Հայաստանի համապատասխան մարմիններում։




