ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փոխշահավետության բացակայությունը խնդիրներ է ստեղծում բաժանորդների համար․ որտե՞ղ և ինչպե՞ս պետք է վճարել բջջային ծառայությունների համար

Փետրվարի 1–ից EasyPay-ը, Telcell-ը, Idram-ը և Fast Shift–ը չեն ընդունում բջջային երեք օպերատորների բաժանորդների վճարումները։ Բջջային օպերատորները առաջարկում են վճարումներ անել իրենց հավելվածներով, առևտրային բանկերի մասնաճյուղերում կամ «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում։ Վճարահաշվարկային կազմակերպությունները հայտարարել են, որ բջջային օպերատորների առաջարկած նոր պայմանները փոխշահավետ չեն և վտանգում են ծառայությունների մատուցման տնտեսական հիմքերը։ Այս ծառայություններից օգտվողները բաժանորդները, բնականաբար, դժգոհ են ստեղծված իրավիճակից։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում այս թեմայով։

Հայաստանում գործող բջջային օպերատորները առանձին-առանձին, բայց նույնաբովանդակ հայտարություններով՝ հաճախորդներին օրերս տեղեկացրին, որ փետրվարի 1–ից վճարումներ ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ, մասնավորապես EasyPay-ը, Telcell-ը, Idram-ը և Fast Shift–ը այլևս չեն ընդունի բջջային օպերատոների բաժանորդների վճարումներ։ Երեքի պարզաբանումն էլ նույնն է․

«Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ համաձայնության հասնել՝ փոխշահավետ պայմաններով գործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով գործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու «ՀայՓոստ» ՓԲԸ»–ի հետ։

Վճարումներ կարելի է կատարել նաև բջջային օպերատորների հավելվածներով։ Այս որոշումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել։

 «Մարդկանց կյանքը բարդացնելու է՞լ ինչ ձև գիտեք»։

«Հերի՞ք չի՝ մեզ գցեք այդ բանկերի, փոստերի քուչեքը մի լիցքավորման համար»։

«Կարո՞ղ է ինչ–որ մեկը բացատրել սրա իմաստը․ ինչո՞ւ եք ավելի բարդացնում մարդկանց կյանքը»։ 

Մոտ երկու ամիս առաջ վճարահաշվարկային կազմակերպությունների համար նույնականացման պահանջները խստացվեցին։ Նրանց գործունեությունը կարգավորվում է նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով։

Ըստ այդմ՝ դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է վճարողի անունից։ Օրենքը պահանջում է, որ փոխանցում կամ հաշվի համալրում կատարողի տվյալները նույնականացվեն, այսինքն՝ լրացվեն նրա անձնական տվյալները, որպեսզի պարզ դառնա մի անձից մյուսի հաշվին փոխանցումների պատկերը։ Օրենքն ընդունվել է 2014–ին։ Խիստ նույնականացում անցնելու պահանջը որոշ մտահոգություններ էր առաջացրել վճարահաշվարկային կազմակերպություններում։  

«Նույնականացման պահանջը վճարային տերմինալների նկատմամբ կիրառելը հասարակության լայն շերտերի շատ մեծ անհարմարություն է պատճառելու»,— ասում է Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մհեր Գալստյանը․  

«Սա բերելու է մարդկանց հոսքի դեպի բանկեր, իսկ բանկերը համապատասխան գործիքներ ու ռեսուրս չունեն, որ «մարսեն» կանխիկի մեծ ծավալը, այսինքն՝ շղթայական բացասական ռեակցիա է լինելու»։

Գլխավոր դրամատունն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ պետք է մատուցեն՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջները, իսկ թե հաճախորդների նույնականացման ինչ եղանակ և տեխնիկածրագրային ինչ լուծումներ կկիրառեն, ինքնուրույն պետք է որոշեն։ Կենտրոնական բանկի գործառույթը հավաստիանալն է, որ ֆինանսական կազմակերպությունների ծառայությունները մատուցվում են ըստ օրենսդրության։ Իսկ պահանջներին չհամապատասխանող գործառնությունները պետք է դադարեցվեն։

Հայկական վճարահաշվարկային ընկերությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որ դադարեցնում են հեռահաղորդակցության օպերատորների հետ գործակցությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների առաջարկած նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ գործակցության սկզբունքներին, միակողմանի են և վտանգում են որակյալ ծառայություններ մատուցելու տնտեսական հիմքերը։

«Այսօր հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40–50 %, չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։ Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային կազմակերպություններից հանգեցրել է նրան, որ հեռահաղորդակցության օպերատորները միակողմանիորեն խզեն գործող պայմանագրերը՝ անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման հնարավորությունը»։

Այս փոփոխություններով՝ հարյուրհազարավոր բաժանորդներ, հնարավոր է, փետրվարի 1-ից զրկվեն որոշ հարմարավետ ծառայություններից։ Կազմակերպությունները համարում են, որ նման փոփոխություններով, հավանական է, ինքնագործունեությամբ զբաղվող լրացուցիչ միջնորդական օղակներ ի հայտ գան և ավելորդ ֆինանսական բեռ առաջացնեն, իսկ դա հակասում է ժամանակակից վճարային ծառայությունների զարգացման տրամաբանությանը։

Արդյոք որևէ ձևով կշարունակվի բջջային օպերատորների և վճարահաշվարկային խոշոր կազմակերպությունների գործակցությունը՝ պարզ չէ։ Այս պահին հստակ է միայն, որ  օպերատորները առաջարկում են վճարումներ կատարել իրենց հավելվածներով, առևտրային բանկերի մասնաճյուղերում կամ «ՀայՓոստ»–ի բաժանմունքներում։ Իհարկե, չեն բացառում նոր ընկերությունների ստեղծումը։ Բայց այս պահին հորդորում են վճարել միայն իրենց առաջարկած տարբերակներով։

Կարդացեք նաև

Back to top button