
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման մասին՝ 15%-ից հասցնելով մինչև 25%։
Հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի՝ հունվարի 26-ին, Թրամփի Truth Social սոցիալական հարթակում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ որոշումը պայմանավորված է Հարավային Կորեայի խորհրդարանի կողմից երկու երկրների միջև 2025 թվականի հուլիսին ձեռք բերված առևտրային համաձայնագիրը չընդունելով։
Թրամփը նշել է, որ նախագահ Լի Ջե-մյունգի հետ փոխշահավետ համաձայնության են հասել 2025 թվականի հուլիսի 30-ին, իսկ դրա պայմանները վերահաստատվել են նույն տարվա հոկտեմբերի 29-ին՝ Կորեա կատարած իր այցի ընթացքում։
«Քանի որ Կորեայի օրենսդիր մարմինը չի կարողացել ընդունել մեր պատմական առևտրային համաձայնագիրը, որը նրա իրավասության շրջանակում է, ես բարձրացնում եմ Հարավային Կորեայի նկատմամբ ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և մյուս բոլոր փոխադարձ մաքսատուրքերը 15%-ից հասցնելով մինչև 25%»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ չի հասկանում համաձայնագիրը չվավերացնելու պատճառները։
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ դեռևս ԱՄՆ կառավարությունից պաշտոնական ծանուցում կամ մանրամասն բացատրություն չի ստացել։
Ըստ The Korea Times-ի՝ Սեուլում նախատեսվում է բարձր մակարդակի հանդիպում նախագահի քաղաքական հարցերով աշխատակազմի ղեկավարի և համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը գնահատելու և հակազդեցության քայլեր մշակելու նպատակով։
Հաղորդվում է նաև, որ Հարավային Կորեայի արդյունաբերության նախարար Կիմ Չեն Կվանը, ով այս պահին Կանադայում է, նախատեսում է մեկնել ԱՄՆ՝ բանակցություններ վարելու առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։




