Երկրորդ շնչառություն

Երրորդ շնչառություն եմ վերցրել ու շարժվում եմ դեպի 100. Նիկոլայ Ծատուրյան. «Երկրորդ շնչառություն»

ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի ռեժիսոր, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն այս ամիս թևակոխեց կյանքի 8-րդ տասնամյակը։ Իր իսկ խոսքով՝ «երրորդ շնչառություն» է վերցրել ու պատրաստվում է ապրել առնվազն մեկ դար: Չնայած պատկառելի տարիքին՝ Հանրային ռադիո էր եկել սեփական մեքենայով։ Ասում է, որ անխոչընդոտ վարում է նույնիսկ Երևանի ծանրաբեռնված երթևեկության պայմաններում, պարզապես դանդաղ է ընթանում, ինչը երբեմն դառնում է այլ վարորդների դժգոհ ազդանշանների պատճառ։

Արտիստը մարդկությունը խմբավորում է երեք մակարդակի. առաջինը՝ ազգաբնակչությունն է, որն ամեն հարցի մասին առանց խորը մտածելու կարծիք է հայտնում ու փորձում դառնալ թելադրող։ Երկրորդ շերտում ժողովուրդն է, որն ունի վերլուծական որոշակի կարողություններ։ Իսկ ամենաբարձր շերտը, որը հազիվ 1-2 տոկոս է կազմում, բաղկացած է ազգի մեծերից՝ Փարաջանով, Մինաս Ավետիսյան, Խաչատրյան, Սարյան…

Երկարակեցության հատուկ բանաձև չունի. ո՛չ առողջ ապրելակերպ, ո՛չ հատուկ սննդակարգ կամ կանոնավոր քուն: Ըստ նրա՝ մեծ դեր է խաղում գենետիկան, բայց ամենակարևորը սեփական զգացողությունների ու բնության հետ ներդաշնակ լինելն է։ «Պետք է հետևել կյանքի թելադրած իմպուլսներին»,- բացատրում է զրուցակիցս: Կյանքի իմաստը նա տեսնում է տիեզերական քաոսի մեջ, որտեղ մարդ արարածն ընդամենն իր փոքրիկ գոյությունն է արժևորում: «Երջանկությունն էլ ենք մենք հնարել. կան միայն պահեր, առկայծումներ: Բոլորիս վերջն էլ նույնն է՝ «մեկը երկուսի վրա» (գերեզմանափոսի չափսը),- պնդում է արտիստը։

Ամեն հարցազրույցից հետո սովոր է, որ իրեն խիստ են քննադատում տարբերվող, երբեմն էլ՝ հակասական մոտեցումների համար։ Խոստովանում է՝ երբեմն նույնիսկ հատուկ է անում, որ խոսեն իր մասին, որ հանկարծ մոռացության չմատնեն: Սուտը չի սիրում՝ համարելով այն վախկոտության դրսևորում: Վախ չունի ո՛չ քննադատությունից, ո՛չ էլ որևէ մեկից, մի փոքր միայն՝ կանանցից: Հետո ժպիտով հստակեցնում է՝ դա այնքան վախ չէ, որքան այն գիտակցումը, որ նրանց այդպես էլ հնարավոր չէ հասկանալ: ՀՀ ժողովրդական արտիստը խոստովանում է՝ այսօր նույնիսկ մահից չի վախենում… իսկ մինչ այդ խոստանում է, որ 100 տարեկանում էլ իր ոտքով ռադիո կգա:

Կարդացեք նաև

Back to top button