Էկոսֆերա

Սիգի որսի նոր կանոններ․ բնօգտագործման վճարը կավելանա 3 անգամ, շուկայական գինը՝ կբարձրանա՞․ «Էկոսֆերա»

Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերը վերանայվել են։ 2026 թվականի հունվարի 1-ից դրույքաչափը կավելանա մոտ երեք անգամ՝ դառնալով 200 դրամ՝ մեկ կիլոգրամի համար՝ գործող 65 դրամի փոխարեն։ Կանխատեսվում է, որ այս փոփոխությունները կարող են բերել նաև սիգի շուկայական գնի բարձրացմանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հուլիս–օգոստոս ամիսներին իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, և ըստ դրանց՝ Սևանա լճում նկատվում է սիգի պաշարների դրական դինամիկա։ Մասնավորապես, առկա է շուրջ 1550 տոննա արդյունագործական չափի ձկնային պաշար, որից թույլատրվել է որս իրականացնել մոտ 620 տոննա։

Թեև սիգի պաշարներում նկատվում է աճ, պատասխանատու գերատեսչությունը նախատեսում է կենսապաշարների կառավարման ոլորտում փոփոխություններ իրականացնել։ Այդ մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ նոր կարգավորումը պայմանավորված չէ միայն դրույքաչափի փոփոխությամբ, այլ փոխվել է նաև վճարման ընթացակարգը։ Եթե գործող օրենքով պետք է վճարել փաստացի օգտագործման համար, ապա 2026 թվականից վճարները պետք է իրականացվեն արդեն տրամադրված չափաքանակի համար։

Օրենսդրական փոփոխությունների համաձայն վերանայվել են նաև ընդհանուր կենսապաշարների բնօգտագործման վճարները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը հստակեցնում է՝ հաշվի առնելով, որ սիգի կենսապաշարները սահմանափակ են և յուրաքանչյուր տարի սահմանվում է որսի որոշակի քանակություն, այս փոփոխությունները միտված են արդարացի բաշխմանը։

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը ևս նշում է, որ սիգը արժեքավոր ձկնատեսակ է, և բնօգտագործման համար նախատեսված 65 դրամը բավականին ցածր գին է։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է հաշվի առնել բնակչության սոցիալական վիճակը, քանի որ այս փոփոխությունը կարող է բերել սիգի վաճառքի գնի բարձրացմանը։

«Եթե ամեն ինչ արվեր օրենքով և նորմալ գնով, օրինական ճանապարհով որսեին, բնօգտագործման վճարները վճարեին, գուցե անհրաժեշտություն չլիներ գինը բարձրացնելու։ Երբ համեմատում ես մյուս ձկնատեսակների, օրինակ՝ ծիածանախայտ իշխանի հետ, որի կիլոգրամը 3000 դրամ է, սիգը էկոլոգիապես շատ ավելի մաքուր ձկնատեսակ է, քան ձկնաբուծարաններում աճեցվող մյուսները»,– ասում է գիտնականը։

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք այս փոփոխությունները կարող են նպաստել լճի կենսապաշարների կառավարման բարելավմանը, Ղուկասյանը պատասխանում է․

«Ես չեմ կարծում, պարզապես վաճառվող ձուկն ավելի բարձր գին կունենա։ Մեկը մյուսի հետ կապված չէ։ Նա, ով մտնում է ձուկ բռնելու՝ օրինական կամ անօրինական ճանապարհով, միևնույնն է մտնելու է, բայց դրա փոխարեն ձկան գինն ավելի թանկ է լինելու»։

Վերջում հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի արդյունագործական որսը խստիվ արգելված է։

Կարդացեք նաև

Back to top button