ՀարցուԳԻՏԱփորձ

Գեղեցկությունը զոհե՞ր է պահանջում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ես շատ երկար տարիներ ինձ չեմ համարել գեղեցիկ։
Ես դարձա գեղեցիկ այն ժամանակ, երբ սկսեցի ընկալել, որ ես գեղեցիկ եմ»։

Դուք Ձեզ գեղեցիկ եք համարում։ Հետո հայտնվում է մեկ ուրիշն ու ասում՝ ոչ։ Ու Դուք կարծում եք, թե այդ մեկ ուրիշի ճաշակն ավելի հիմնավոր է քան Ձերը։ Դուք զոհում եք Ձեզ, որ համապատասխանեք այդ ուրիշի ճաշակին։
Ձեր կարծիքն ու ճաշակը սկզբում մի անկյունում լուռ տխրում են, հետո՝ մահանում։

«Գեղեցկությունը զոհեր է պահանջում․ ի՞նչ զոհ։ Բառը բռնության նման է հնչում։ Հակառակը` ինքը ազատության մեջ է ընդունելի և առողջ։ Գեղեցկությունը ժամանակ է պահանջում, ներքին ընկալում է պահանջում, գեղեցկությունը պահանջում է պարզապես ինքնախնամք»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ գեղեցկությունը զոհե՞ր է պահանջում։

***

19-րդ դարի ռուսական մշակույթը փորձեց քննադատել հանուն արտաքին գեղեցկության կրած տառապանքն ու շրջանառության մեջ դրեց հեգնական «գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը։ Մարդիկ սխալ հասկացան այս փորձը․ իներցիան ավելի ուժեղ էր։ Եվ կանայք իրենց շարունակական զոհաբերությունները սկսեցին արդարացնել այս խոսքերով։

Այս փորձերը սկսել էին դեռ վաղուց․
Հին Չինաստանում 10-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ կապում էին աղջիկ երեխաների ոտքերը, որ դրանք չաճեն։ Հետևանքը՝ դեֆորմացված ոտնաթաթեր, մշտական ցավեր, հաճախ՝ հաշմանդամություն։
16-19-րդ դարերում Եվրոպայում կանայք ճնշում էին մարմինը կորսետներով՝ բարակ իրան ունենալու համար։ Հետևանքը՝ շնչառական խնդիրներ, ներքին օրգանների խտացում, երբեմն՝ գիտակցության կորուստ։
Մինչև 18-րդ դարը Հռոմում, Վենետիկում, Անգլիայում կանայք օգտագործում էին կապար, սնդիկ պարունակող կոսմետիկ նյութեր, որ մաշկը՝ սպիտակ, աչքերը՝ շեշտված լինեն։ Հետևանքը՝ թունավորում, մազաթափություն, մահ։

Շարքը շարունակական է․ Վիկտորիանական դարաշրջանում կինը պիտի գունատ ու նիհար լիներ, Աֆրիկյան ու Ասիական մի շարք երկրներում աղջիկները դեռ մանկուց պարանոցին պետք է կրեին սեղմող օղակներ, որպեսզի վիզը երկար լինի։ Դա համարվում էր գեղեցկության չափանիշ և դրա համար արժեր զոհվել։ Ի՞նչ է զոհում այսօրվա կինը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Գեղեցիկը չի կարող զոհ պահանջել, որովհետև ինքը հոգատարության մասին է, խնամքի մասին է, առողջության մասին է, ինքդ քեզ սիրելու մասին է։ Իսկ եթե ինչ-որ մի բան սիրո, հոգատարության ու դրականի մասին է, չի կարող զոհ պահանջել»։

Սա է այն կարծիքը, որը հիմնականում փորձում են առաջմղել այսօրվա կարծիքի առաջնորդները՝ ինֆլյուենսերները։ Նրանցից մեկը՝ Զառա Ղազարյանը, տարիներ առաջ ձեռքը վերցրեց հեռախոսն ու ասաց՝ ձեռքից վայր է դնում դեմքի ակնեն արհեստականորեն քողարկող դեկորատիվ կոսմետիկ միջոցները։ Սա հրաժարում էր զոհաբերությունից ու ընդառաջ քայլ դեպի ընդունում ու առողջ բուժում։

«Հասկացա, որ մարդիկ ունեն դրա կարիքը։ Ես էլ մտածում էի` մի քանի տարի առաջ ինձ դա շատ կօգներ։ Եթե ես կարդայի մի քիչ ավելի, առանց բարդույթների կլինեի։ Շատ հետաքրքիր էր, որ ես երկար տարիներ պայքարում էի ակնեի դեմ, բայց իմ ակնեն բուժվեց էն ժամանակ, երբ ես հոգեպես հանգիստ էի, երբ սկսեցի ընդունել, ցույց տալ, իհարկե՝ բուժելուն զուգահեռ։ Ու հիմա այլևս էդ խնդիրը ուղղակի չկա»։

Կնոջից պահանջվում է հարթ մաշկ, ցանկալի է՝ առանց կնճիռների, գեղեցիկ ժպիտ, քիթ՝ այնքան փոքր, որ տեղավորվի այլ մարդկանց նեղ ստանդարտների մեջ․ մի խոսքով՝ լինել գեղեցիկ։ Եվ որքան էլ աղաղակող լինի փաստը, որ գեղեցկությունը կարող է լինել յուրահատուկ, լսողները դեռ շատ չեն։

Այնուամենայնիվ այսօր տեղական ու հատկապես միջազգային մեդիան նոր պահանջ ունի․ ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Եվ թվում է՝ վերջապես երկնքից երեք խնձոր կընկնի, մեկը՝ գեղեցկության պարտադրված ստանդարտների, մյուսը հանուն դրանց արվող զոհաբերությունների, երրորդը՝ ուրիշի գեղեցկությունը մեկնաբանողների գլխին և բոլորը կապրեն ներդաշնակության մեջ։

Բայց առաջանում է նոր խնդիր․ սեփական անձը ընդունելու կոչն ընկալվում է որպես ամենաթողության հորդոր․

«Տարիների ընթացքում, ըստ իս, կարողացա ճիշտ մոտեցումը գտնել, ճիշտ ձևակերպումներ անել, որ միտքը ճիշտ հասնի ու չստացվի, որ ես ասում եմ` ամենաթողության պետք է գնանք։ Որքան էլ մենք ասենք՝ ինքդ քեզ սիրելը նախևառաջ խնամքի մասին է, միևնույն է կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն` դե եթե ես ինձ էսպիսին սիրում և ընդունում եմ, ինչու՞ անեմ փոփոխություն։ Ես մշտապես ցույց եմ տալիս, որ ինձ սիրում, ընդունում եմ էսպիսին, բայց երբեք դեմ չեմ ինքնակրթվել, ինքնազարգանալ, ինքնակատարելագործվել։ Իմ համար շատ կարևոր է իմ կենսակերպում ակտիվությունը, վատ սովորություններից ազատվելը։ Երբեմն դա չի ստացվում, երբեմն ես բաց եմ թողնում մարզման օրը։ Այդ ամենի մասին անկեղծ խոսելն էլ է կարևոր, որ եթե օրեր են լինում, որ դու ուզում ես հանձնվես, հանձնվիր, դա էլ է նորմալ։ Եթե էդ օրը չես ուզում գնաս մարզվելու, մի գնա, քեզ ստիպելով մի արա, դա ինքդ քեզ հանգիստ տուր էդ օրը»։

Եթե նախկինում ակտիվ էր «Մի գնա պլաստիկ փոփոխությունների, դու գեղեցիկ ես այնպես, ինչպես կաս» կոչը, ապա այժմ կարծիքի առաջնորդներն ավելի հաճախ ասում են «գնա այդ փոփոխությանը, բայց լիարժեք գիտակցումով, որ դա ավելացնելու է քո ինքնագնահատականը, ոչ թե ինստագրամյան լայքերը»։ Հիմա ավելի հաճախ է ասվում՝ դու չպիտի նիհարես, որովհետև դա գեղեցիկ է, պիտի անես դա, որովհետև առողջ է։

Բայց միջին վիճակագրական մարդը հիմնականում լսում է դա շատ գեղեցիկ կանանցից, ովքեր չգիտես, թե ինչ հրաշքով աշխատանքային օրվա աշխատանքային ժամին հագնում են թանկարժեք սպորտային համազգեստը, վերցնում մեկ բաժակ մաչա, լիարժեք ներդաշտանկության մեջ, անշտապ գնում պիլատեսի անհատական մարզմանը։ Նրանք առողջ են, հոգ են տանում իրենց մարմնի մասին և հորդորում անել նույնը։

Իսկ գուցե դա նոր բարդույթի ու նոր խոսքի հիմք է, օրինակ՝ «գեղեցկությունը գումար է պահանջում»․

«Չեմ հերքում։ Փողի հետ է կապված։ Բայց ոչ միշտ։ Իրականում սրանք հենց մարկետինգի ստեղծած իլյուզիաներն են․ մեր ինքնագնահատականի և մեր մտքերի հաշվին գումար են աշխատում․ եթե այսօր առավոտյան մաչա խմելով գնամ, ես ինձ ավելի առողջ կզգամ։ Եթե ես հատուկ քարիկներով անեմ իմ դեմքի մերսումը, այլ ոչ թե ուղղակի խոնավեցնողով և ձեռքերով, ավելի արդյունավետ կլինի։ Սրանք ավելի շատ էմոցիաների մասին են, որոնք վաճառում են մեր վրա, քան բովանդակության մասին։ Ոչ միշտ է ինքդ քո մասին հոգ տանելը և ինքդ քեզ խնամելը փողի, շատ-շատ փողի մասին»։

***

«Երբ հայրը քննադատող վերաբերմունք է ցույց տալիս («էս ի՞նչ հագուստ է»), կամ անտարբեր է, երբ մայրը վաստակելու գնահատում է տալիս («կանես սա, կլինես սիրուն»), կամ դնում է համեմատության դաշտ, լինում է ոչ առողջ ինքնագնահատական։ Համեմատության մեջ երեխան դժվարանում է տեսնել իր իրական ինքնությունը ու սկսում է մրցակցություն»։

Բոլորս մանկությունից ենք գալիս՝ հիշեցնում է հոգեբան Եվա Մարգարյանը և հորդորում ուշադիր լինել մասնավորապես աղջիկ երեխաների հետ շփման ընթացքում․ նա պիտի ընտանիքից իմանա, որ գեղեցիկ է, որպեսզի չփնտրի այդ հավաստիացումը, օրինակ, սոցիալական մեդիայում․

«Մարմնի ընկալումը և մեր ինքնագնահատականը ձևավորվում է բազմաթիվ կրկնությունների, բազմաթիվ ազդեցությունների հետևանքով։ Բոլորիս ուղեղն ունի պարգևատրման համակարգ․ կոնկրետ մարմնի ընկալման հետ կապված մենք ստանում ենք հաճույքի հորմոն՝ դոֆամին, երբ մեզ ասում են` ինչ գեղեցիկ ես, ինչքան լավն ես, ինչ սիրուն տեսք ունես։ Դա գրգռում է հաճույքի կենտրոնը, ուղեղի պարգևատրման համակարգը, իսկ մանկության տարիքում այդ բացթողումը հասուն տարիքում արդեն գտնում է թիրախ»։

Կան հոգեբանական հիմքեր, որոնք դրդում են գեղեցիկ չզգալուն։
Կան հոգեբանական խնդիրներ, որոնք առաջանում են գեղեցիկ չզգալուց։

Սա մի փակ շրջան է, որը պետք է հաղթահարվի ինքնախնամքի, ադեկվատ շրջապատում հայտնվելու, անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանի հետ համագործակցելու միջոցով․

«Մարմնի ոչ ադեկվատ ընկալում, կենտրոնացվածություն մարմնի վրա, սեփական ինքնագնահատականի կառուցում միայն մարմնի վրա․ այս դեպքում ինքն ունենում է կախյալություն, զոհի հոգեբանություն, ունենում է տագնապային խանգարումներ, նեևրոտիզացված հոգեվիճակներ, դիսոցիատիվ խանգարումներ, սոցիումից առանձնացում, ընկերական շրջապատում հարաբերությունների ախտահարում, ընդհուպ մինչև դեպրեսիվ վիճակ»։

Ինքնագնահատականը բազմաշերտ կառուցվածք ունի։ Այն ձևավորվում է ընտանեկան միջավայրում՝ ծնողների վերաբերմունքով, գնահատականով, քնքշանքով ու քննադատությամբ, քննության է ենթարկվում սոցիումում՝  ընկերների, գործընկերների, հասարակության հետ շփումներում, արտահայտվում է բոլոր տեսակի հարաբերություններ կառուցելիս։ Եվ կարևոր է, որ մարդն իր մասին իմանա ամենայն մանրամասնությամբ՝ բոլոր կողմերից․ իմանա՝ որքանով է խելացի, որ ուղղություններով է տաղանդավոր, ինչպիսի ներքին աշխարհ ու արտաքին կաղապար ունի։

Մարդիկ իրարից դեռ շատ բան կպահանջեն, այդ թվում՝ գեղեցիկ լինել։ Կտան այդպիսին լինելու բանաձևեր և այդպես էլ չի ընկնի այն երեք խնձորը, որը վերջ կդնի գեղեցկության մասին այս հեքիաթին։ Մասնագետները միայն մի բան են հորդորում․ եթե մասնակցում եք համամարդկային այս խաղին, խաղացեք գոնե ձեր կանոններով, որ մի սովորական օր չհայտնաբերեք, որ ձեր կարծիքն ու ճաշակը մի անկյունում տխրում, հետո՝ մահանում են։

Իսկ մեր կյանքի այլ սովորական դարձած երևույթի հիմքերը բացահայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք նաև

Back to top button