
Արվեստի համադրողի մասնագիտությունը նոր չէ։ Մեր օրերում այն նորովի է արժևորվում։ Վերջին շրջանում հայաստանյան շատ ցուցադրություններ առավել հետաքրքրաշարժ են դարձել հենց հեղինակ-համադրող գործակցության շնորհիվ։ Ժամանակակից արվեստի համադրողները մշակում են արվեստի ստեղծագործությունները մեկնաբանելու եղանակներ, ձևակերպում ցուցահանդեսի ընդհանուր հայեցակարգը։
Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստի պատմաբան–համադրող Վիգեն Գալստյանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացահայտելով այս մասնագիտության քողարկված շերտերը, ասում է, որ համադրողի գործառույթները մի քանիսն են․ համադրողը նախ և առաջ հետազոտող է, նաև միջնորդ՝ նյութի և դիտողի, նկարչի և հանրության միջև։
«Այսինքն՝ այդ ահռելի նյութը, որը շատ հաճախ տարերային և քաոսային բնույթի է, պետք է ինչ-որ ձևով համակարգվի, դառնա ըմբռնելի և ընդունելի պատում, ձևակերպի որոշակի համատեքստ, որոշակի հարց բարձրացնի և այլն»,- ասում է արվեստի համադրող Վիգեն Գալստյանը։
Զրուցակիցս նկատում է, որ բոլորովին այլ մոտեցում է պահանջում պատմական նյութի հետ աշխատանքը․ այս դեպքում համադրողը չպետք է որևէ այլ գաղափար կամ կեղծ ճշմարտություն հրամցնի։ Սա, ըստ Վիգեն Գալստյանի, սխալ մոտեցում է.
«․․․․որովհետև չկա բացարձակ ճշմարտություն, պատմական նյութին անդրադառնալիս պետք է հիշել, որ երբ տվյալ իրը հայտնվում է թանգարանում, լինի հնագիտական առարկա, թե արվեստի գործ, այն իր անմիջական համատեքստից, սոցիալական, քաղաքական, մշակութային իրականությունից կտրվում է և հայտնվում է բոլորովին այլ իրավիճակում, այլ առարկաների կողքին։ Երբ համադրողը կամ ցուցահանդեսի կազմակերպիչը դրանք բերում է նոր հարաբերությունների դաշտ, այլ առարկաների հետ նույն հարթակ` առաջանում են նոր իմաստներ, նոր ձևակերպումներ»։
Պատմական կտավների և իրերի ցուցադրության արդիականացումը մեծ պատասխանատվություն է, որը զուգամիտվում է համադրողի էթիկական պատասխանատվությանը։ Երբ պատմական իրը տեղափոխվում է թանգարան, նոր կյանք է ստանում։ Թանգարանագիտության մեջ դա ընդունված է կոչել վերահամատեքստավորում․ պատմագիտական նմուշը նորովի մատուցելիս կարևորը հաստատված գիտական տվյալների վրա ներկայացնելիք առաջնահերթություններն են, ուստի արվեստի համադրողի յուրաքանչյուր մեկնաբանություն չպետք է դիտարկվի որպես անշեղ փաստ։
Իրերի դասավորությունը, միջավայրը, լուսավորությունը և այլ առարկաներ արդեն ստեղծում են նոր հարաբերություններ, դրանք էլ՝ նոր իմաստներ։ Սա հնարավորություն է պատմությունը նորովի ընկալելու, սակայն ամեն նոր իմաստավորում հնարավոր է մանիպուլյատիվ լինի, երբեմն քաղաքականացված կամ պարզապես անհիմն։
Արվեստի համադրողի մասնագիտական հմտության շնորհիվ է պատմագիտական արժեքաբանության լուռ վկան` գլուխգործոց կտավը կամ հին ծիսական առարկան, այցելուին ներկայանում որոշակի ուղերձով` հուշելով բոլորովին այլ տեսանկյունից դիտարկել հին վարպետների և ժամանակակից ստեղծագործողների ցուցանմուշները։
Ըստ արվեստաբան Վիգեն Գալստյանի, համադրողի դերը ստեղծագործողի կամ առարկայի պատմությունը փոխակերպելը չէ, այլ պատմությունը հասանելի ներկայացնելը։ Հետևաբար համադրողը պատասխանատու է հանրային հիշողության, մշակութային ինքնության և պատմական գիտելիքը մատուցելիս։ Հենց սրանում էլ ամփոփվում է արվեստի համադրողի ամբողջ հմտությունը, որն էլ հաջողությամբ իրականացնում է զրուցակիցս` Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստի պատմաբան և փորձառու համադրող Վիգեն Գալստյանը։




