
150-ից ավելի դպրոց, 40 հազարից ավելի աշակերտ. Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը հաջողությամբ շարունակում է դպրոցներում պատանիների շրջանում դասական երաժշտության հանրահռչակման պատասխանատու առաքելությունը։ Ունկնդրին ևս կհետաքրքրի, թե ինչու է կրթական այս ծրագիրը կոչվում «Սիմֆոնիկ ԴասA», ինչ է նշանակում լատինատառ Ա-ն։ Պատասխանը շատ պարզ է` գաղափարի հեղինակը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախմբային արվեստին հավատարիմ մնալով, ծրագրի անունն էլ համապատասխանեցրել է գաղափարի իրականացման գործողությունների պլանին։ A-ն նոտագրության մեջ «լյա» նոտան է, որը սկիզբն է երաժշտական այբուբենի, որով լարվում են նվագախմբի երաժշտական գործիքները։
«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ուղղության ղեկավար Տաթևիկ Ադամյանը կարևորում է դասական երաժշտությանը փոքր տարիքից ծանոթացնելը և ինչպես ինքն է ասում. «Երեխաներին պետք է սովորեցնել դասական երաժշտությունը ոչ միայն լսել, այլև սիրել՝ հասկանալով դրա գեղեցկությունն ու դրական ազդեցությունը»։
Սիմֆոնիկի արտիստները դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ միշտ գտնում են դասական երաժշտության աշխարհը ճանաչելի դարձնող այն ճիշտ տրամադրությունն ու կարևոր միտքը, որը հենց սկզբից մեծ գրավչություն է առաջացնում ներկաների մոտ։
«Սիմֆոնիկ ԴասA»-ի շրջանակներում դասական երաժշտարվեստին ծանոթանալուց զատ, դպրոցականները տեղեկություններ են ստանում կոմպոզիտորների, երաժշտական գործիքների և սիմֆոնիկ նվագախմբերի մասին։ Կարծում ե՞ք հեշտ է սոցիալական տարբեր հարթակների ակտիվության այս ժամանակահատվածում վերափոխել դասական երաժշտության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները` այն դարձնելով առավել պահանջված, իհարկե ոչ։ Բայց սիմֆոնիկի արտիստներին հաջողվել է գտնել այն բանաձևը, որով նրանք այս էլ 7-րդ տարին է կարողանում են հաջողությամբ բարձր հոգևոր արժեքները մատչելի լեզվով հասանելի դարձնել դպրոցահասակներին` դրանով իսկ լուծելով նաև դասական արվեստի լսարանի «երիտասարդացման» խնդիրը։
Ձևավորել կիրթ հանդիսատես, ստեղծել այնպիսի արվեստասեր աշակերտական համայնք, որը պատրաստակամ ու ակտիվ ներգրավվածություն կդրսևորի մեր երկրում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների հանդեպ. սրանք «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրի շարժիչ ուժը հանդիսացող առանցքային նպատակներն են։
2018-ից գործող ծրագրի թիրախային լսարանը նախևառաջ ավագ դպրոցի աշակերտներն են, հանրակրթական դպրոցները ուսումնական տարվա ընթացքում ծրագրին մասնակցում են մեկ անգամ։ Ծրագրի առաքելություններից մեկն է «Սիմֆոնիկ ԴասA»-ն հասանելի դարձնել նաև մարզային համայնքների դպրոցականների համար։ 2018 թվականից ի վեր՝ ծրագրի կազմակերպիչները համագործակցում են մարզերի դպրոցների հետ և «Սիմֆոնիկ ԴասA»-ի ձևաչափով ուսուցողական հանդիպումներ են կազմակերպում նաև մարզաբնակ պատանիների հետ։ «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրն իր ուղին սկսել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում, որտեղ ստեղծագործական թիմը ինտերակտիվ դասն անցկացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ միասին։
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը տվել է Գյումրի քաղաքում, որտեղ ավագ բոլոր դպրոցների աշակերտները մասնակցել են ինտերակտիվ սիմֆոնիկ դասերին։
Գյումրիում 2 փուլով են անցկացվել նվագախմբի ինտերակտիվ դասերը՝ սեպտեմբերին և հոկտեմբերին: Առաջին փուլից հետո ավագ դպրոցի աշակերտների համար սեպտեմբերի կեսերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախագծի շահառուների համար համերգ է կազմակերպել: Նույնը նաև երկրորդ շրջափուլին է հաջորդել` հոկտեմբերի վերջին համերգներով Գյումրիում եզրափակվել է ծրագիրը։ «Սիմֆոնիկ ԴասA»-ի հերթական դասն օրեր առաջ տեղի է ունեցել Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան 80 հիմնական դպրոցում, հաղորդակից դարձնելով ներկաներին դասական երաժշտության հոգեթով աշխարհին։
«Սիմֆոնիկ ԴասA»-ն ընդլայնելով ծրագրի ծածկույթը՝ հնարավորին չափ փորձում է ուշադրության կենտրոնում պահել նաև սահմանամերձ բնակավայրերը` ձևավորելով երիտասարդ սերնդի երաժշտական ճաշակը, դրանով իսկ խթանելով աշակերտների մշակութային ներգրավվածությունը։ Դասական երաժշտության հետաքրքիր ու առեղծվածային աշխարհ փոքրիկ ճամփորդությունը, որ մշտապես ուղեկցվում է ինտերակտիվ խաղով և վիկտորինայով, ամեն անգամ եզրափակվում է յուրաքանչյուր դասին հաջորդող համերգով։ «Արամ Խաչատրյան» համերգասրահ այցելելիս ծրագրի մասնակից պատանիները արդեն քաջատեղյակ են էթիկայի այն կանոններին, որոնցով սովորաբար առաջնորդվում են դասական համերգների հաճախելիս։




