ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Երաժշտությունը սկսվում է այնտեղ, որտեղ լռությունն ունի իր կառավարելի ռիթմը. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է։ Հոբելյանական  տարվա ընթացքում դասական երաժշտության բազմաթիվ համերգներ են տեղի ունեցել՝ աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ։ Եվրոպական նվագախմբային արվեստի լավագույն ավանդույթները ձևավորած կոլեկտիվն արդեն 25 տարի ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Դահլիճում լռում են, երբ բարձրանում է դիրիժորական փայտիկը, որը ղեկավարող ձեռքը լռությունը դարձնում է սպասում, որն էլ հետո  ներդաշնակորեն վերածվում է տարբեր գործիքների արտաբերած հնչյունի. մի ակնթարթում լարային և փողային գործիքները դառնում են մեկ ամբողջություն, նույն ռիթմը թելադրող մի մարմին, որը ղեկավարվում է դիրիժորի խոսուն հայացքով և ձեռքի հրաշագործ փայտիկով։ Եվ ահա հենց այս միասնությամբ էլ համաշխարհային հռչակ են վայելում այն նվագախմբերը, որոնք յուրաքանչյուր կատարմամբ մեզ հիշեցնում են, որ ներդաշնակությունը ծնվում է փոխըմբռնման, հարգանքի և շատ հաճախ լռության մեջ։

2025 թվականը հոբելյանական է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար. մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբը 100 տարեկան է։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925 թվականի մարտի 20-ը, այդ ժամանակ նվագախումբը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ, երաժշտական կոլեկտիվի ծննդյան օրն էլ առաջին անգամ  նշանավորվել է Պետթատրոնում կայացած համերգով:

Երաժշտագետ Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիմնադրած նվագախումբը եղել է աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողը՝ հաճախ հենց նրա ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկի հետ Արամ Խաչատրյանի առաջին հեղինակային համերգը տեղի է ունեցել 1939 թվականին:1956 թվականին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վերանվանված կոլեկտիվը, 34 տարի անց` 1990 թվականին, նվագախմբի ընդհանուր ժողովում վերանվանվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի` ավելի ուշ ստանալով նաև «ազգային» կարգավիճակը։

Խոսելով ֆիլհարմոնիկի մասին Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը կարևորում է նվագախմբի գործունեության 100 տարիների ընթացքում դիրիժորական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներին։ Դիրիժորներ Արշակ Ադամյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Սուրեն Չարեքյան, Գևորգ Բուդաղյան, Կոնստանտին Սարաջյան, Միքայել Մալունցյան, Օհան Դուրյան, Արամ Քաթանյան, Դավիթ Խանջյան: Նվագախմբի միակ այլազգի գլխավոր դիրիժորը Վալերի Գերգիևն է։ Նա նվագախումբը ղեկավարել է 1980-1985 թվականներին։ Իսկ հետխորհրդային 90-ականների ճակատագրական ժամանակահատվածում նվագախումբը ղեկավարել է դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը` 1989-ից մինչև 2000 թվականները։

Հայաստանի համար ցուրտ ու մութ բնորոշվող այդ տարիներին մեզնից շատերը երևանյան տարբեր թաղամասերից յուրաքանչյուր ուրբաթ կամ շաբաթ ոտքով քայլում էին դեպի օպերա` «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրելու դասական երաժշտություն: Մեր նվագախումբը ամեն շաբաթ ներկայանում էր նոր երկացանկով, որն այդ ժամանակների համար մեծ ճոխություն էր համարվում։ Նույնիսկ միջազգային մամուլում կային արձագանքներ, թե ինչպես է հայաստանյան ֆիլհարմոնիկ նվագախմբին հաջողվում ամեն շաբաթ երաժշտական նոր ծրագրով ներկայանալ հանդիսատեսին` հրամցնելով բարձրակարգ դասական գլուխգործոցներ։

Գալով մեր օրեր անդրադառնանք Ազգային ֆիլհարմոնիկի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ով արդեն 25 տարի է դիրիժորական հարթակում է։ Հայաստանի հանրապետության արվեստի վաստակավոր գործչի առաջին հանդիպումը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 2000 թվականին էր, Թոփչյանը, ինչպես հարցազրույցներից մեկում է նշում, այդ ժամանակ կիսով չափ բնակվում էր Եվրոպայում և հեռանկարում եվրոպական մեծ բեմերն էին` օտար նվագախմբերի հետ։ Եվ ահա մի օր 29-ամյա Թոփչյանին հրավիրում են ղեկավարելու երևանյան համերգ, որն էլ կանխորոշում է նրա` որպես դիրիժորի, հետոյի ընթացքը։ 

Ավելի ուշ Թոփչյանը հասկացավ, որ իր դիրիժորությամբ ֆիլհարմոնիկի հետ առաջին հանդիպում-համերգը իրականում քննությունն էր, որը  գերազանցությամբ հանձնելով` արդեն քառորդ դար ղեկավարում է աշխարհի լավագույն և մրցունակ նվագախմբերից ամենահայկականը։ Նրա ղեկավարման տարիներին նվագախումբն իր կատարողական վարպետությամբ սրընթաց բարձրացավ` գրավելով աշխարհի հանրաճանաչ դասական համերգասրահների մեծ բեմերը։ Թոփչյանը հայտնի է երաժշտական նյութի խորը իմացությամբ, նա ստեղծագործության մեկնաբանման համար սիրում է թափանցել դրա խորքերը՝ թանկարժեք գանձեր որոնողի խանդավառությամբ վերծանելով այն շերտ առ շերտ, և ինչպես մի ժամանակ նրան դիրիժոր Օհան Դուրյանն է հուշել` «պարտիտուրը գլխում պահելով, եւ ոչ թե գլուխը պարտիտուրի մեջ»։  

Իր գործունեության երկարուձիգ տարիների ընթացքում` ուղիղ մեկ դար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհից մեր երկրին և մեր երկրից աշխարհին է ներկայանում հայ և համաշխարհային երաժշտական շքեղագույն գոհարների մատուցմամբ` հաստատելով, որ երաժշտությունը սկսվում է այնտեղ, որտեղ լռությունն էլ ունի իր ռիթմը եւ հենց այդ հնչյունների միասնությունն է, որ ծնում է ամենագեղեցիկ ժողովրդավարությունը, որը մեկ բառով կոչվում է նվագախմբային հարմոնիա։

Կարդացեք նաև

Back to top button