Էկոսֆերա

Երևանի Բուսաբանական այգում բացվեց «Համերաշխության ծառուղի»՝ որպես համագործակցության և բնապահպանության խորհրդանիշ․ «Էկոսֆերա»

Երևանի Բուսաբանական այգում հիմնվել է «Համերաշխության ծառուղի»։ Նոր տնկված ծառերով այս տարածքը կծառայի որպես համագործակցության, բնության պահպանության համատեղ պատասխանատվության և միջազգային գործընկերության խորհրդանիշ։

Խորհրդանշական ծառատունկը կազմակերպել էին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)՝ վերջինիս հիմնադրման 80-ամյակի և Երևանի Բուսաբանական այգու 90-ամյակի կապակցությամբ։

Ռայմունդ Յելենը նախ նկատեց, որ եղանակը բարենպաստ է ծառատունկ իրականացնելու համար։ Մինչ ծառատունկը՝ ելույթի ընթացքում, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելենն ընդգծեց, որ օրվա միջոցառումը նվիրված է Բուսաբանական այգու 90 և FAO-ի 80-ամյակներին։

«Այս ծառատունկը խորհրդանշում է ոչ միայն համերաշխություն և գործընկերություն, այլև, կարծում եմ, ծառերի միջոցով մենք իրական կյանք ենք տալիս մեր համատեղ պարտավորությանը՝ կենսաբազմազանությունը պաշտպանելու, էկոհամակարգերը վերականգնելու, ինչպես նաև Հայաստանի և մեր մոլորակի համար կայուն ապագա կառուցելու նպատակին»,- նշեց նա։

Այս տարի Երևանի Բուսաբանական այգին նշում է իր 90-ամյակը։ Այգին ստեղծվել է որպես գիտական և կրթական կենտրոն, որտեղ պետք է պահպանվեր և ուսումնասիրվեր մեր տարածաշրջանի հարուստ բուսաշխարհը։ Սակայն 1990-ականների էներգետիկ ճգնաժամի հետևանքով էապես տուժեց նաև Բուսաբանական այգու հարուստ բուսական ֆոնդը։ Չնայած դժվար տարիներն արդեն անցյալում են, այսօր էլ այգին շարունակում է դիմակայել բազմաթիվ խնդիրների։

Երևանի Բուսաբանական այգու համակարգող Արթուր Պետրոսյանի խոսքով՝ այն զբաղեցնում է շուրջ 80 հեկտար տարածք, որից միայն 20 հեկտարը գիտական կոլեկցիոն տարածք է։

«Այժմ 35 հեկտար տարածք կառավարության ծրագրով վերակառուցվում է որպես «Կյանքի պուրակ»։ Մոտավորապես 30–40 հեկտար տարածք էլ վերակառուցման և թարմացման կարիք ունի։ Մեր հաջորդ խնդիրը կապված է մարդկային ռեսուրսների պակասի հետ։ Ընդհանուր առմամբ փորձում ենք տարբեր միջոցներով, այդ թվում՝ այգու սեփական հասույթների հաշվին, ուշադրություն դարձնել և հնարավորինս բարեկարգ վիճակում պահել այգին»,— ասում է նա։

Հատկապես քաղաքային պայմաններում կանաչ տարածքների ավելացումը խիստ անհրաժեշտություն է։ ՄԱԿ-ի Հայաստանի համակարգող Ֆրանսուազ Ժակոբի խոսքով՝ անտառվերականգնումը պետք է սկսել հենց քաղաքներից։ Նրա դիտարկմամբ՝ Երևանը կանաչ տարածքների մեծ կարիք ունի.

«Շատ աշխատանք կա անելու։ Կարծում եմ՝ մենք իսկապես պետք է մտածենք բնահեն լուծումների մասին։ Ոչ միայն այն պատճառով, որ COP-ը գալիս է Երևան, այլև որովհետև դա շատ ավելի օգտակար է առողջ ապրելակերպի համար։ Երևանում ապրող շատ երեխաներ չեն շփվում բնության հետ, չեն շփվում իրական անտառների հետ»։

Նոր հիմնված ծառուղուց մի քանի քայլ այն կողմ շինարարական աշխատանքներ են ընթանում․ այստեղ ստեղծվում է «Կյանքի պուրակ»՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված տղաների։ Ակնկալվում է, որ 2026 թվականին կավարտվեն նաև այդ պուրակի աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button