ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ադրբեջանում իշխանության «սահուն» անցումը Ալիևներից Փաշաևներին՝ «սոցիալական» փաթեթավորմամբ․ «Գեղարդ»-ի նոր հոդվածը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նոր հոդվածը նվիրված է Ադրբեջանի սոցիալական ապահովության ոլորտում ձևավորվող նոր կառույցին՝ DOST գործակալությանը (Dayanıqlı və Operativ Sosial Təminat Agentliyi)։ Հետազոտության համաձայն՝ DOST-ի ընդլայնումը սերտորեն կապվում է Մեհրիբան Ալիևայի և նրա ընտանիքի՝ Փաշաևների հետ, և այս գործակալության միջոցով աստիճանաբար ձևավորվում է իշխանության փոխանցման մոդել՝ Ալիևներից Փաշաևներին։

Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ապահովման գործակալությունը՝ DOST-ը, «Գեղարդ» հիմնադրամի ուշադրության կենտրոնում է հայտվել երկու պատճառով։ Առաջինը հատկապես վերջին ամիսներին գործակալության գրասենյակների թվի կտրուկ աճն է ոչ միայն արտասահմանում, այլև երկրում։ Երկրորդը «սոցիալական փաթեթավորմամբ» այդ երկրի հասարակությանը ուղղորդելու և կառավարելու նպատակն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը․

«Թե սոցիալական խնդիրները որքանով են իրականում լուծվում, դեռ հարցական է, քանի որ մենք տարբեր աղբյուրներից՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ արտաքսված ներկայացուցիչներից, տեղեկանում ենք, որ սոցիալական խնդիրները բնավ չեն լուծում։ Ընդհակառակը՝ մարդիկ դժգոհում են իրենց իրավունքների խախտումներից։ Ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, այլև մյուս իրավունքները․ կանանց իրավունքներն են անտեսվում, ակտիվ կանայք ձերբակալվում են»։

Առավել ուշագրավ է այն, որ ըստ որոշ անկախ հետազոտությունների՝ DOST գրասենյակների սեփականատերը Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբանին, վերջինիս հորը՝ Արիֆին, և դուստրերին՝ Լեյլային ու Ազրուին պատկանող «Փաշա» հոլդինգն է՝ մանրամասնում է Հովհաննիսյանը։ Այսպիսով, ըստ վերլուծաբանի, ադրբեջանական հասարակությունը Մեհրիբան Ալիևային աստիճանաբար ընկալելու է իբրև սոցիալական խնդիրներ լուծող գործչի․ դա իր հերթին երկու նպատակ ունի։

«Նախ՝ լեգիտիմություն ստանալ հենց Ադրբեջանի ներսում, ապա՝ իշխանությունը նախիջևանյան կլանից վերցնելու և Փաշաևների կլանին փոխանցելու միջոցով տիրել ամբողջ իշխանությանը, քանի որ Ադրբեջանում, ըստ էության, կլանային կառավարման կարգերը դեռ խորհրդային տարիներից պահպանվում են։ Նախիջևանի ղեկավարը «Փաշա» հոլդինգում բարձր պաշտոն է զբաղեցրել․ DOST-ում պարբերաբար նշանակվում են անձինք, որոնք «Փաշա» հոլդինգի հետ ուղղակի կապ ունեն»։ 

Հետևաբար, սոցիալական ծրագրերի միջոցով Փաշաևները, հանձին իրենց ներկայացուցիչ Մեհրիբան Ալիևայի, փորձում են յուրացնել իշխանությունը՝ պահպանելով ընտանեկան կառավարումը՝ ասում է Վահրամ Հովհաննիսյանը։

«Մենք տեսնում ենք այդ պայքարը երկու կլանների ներկայացուցիչների միջև։ Ընդ որում՝ 2017-ին Մեհրիբան Ալիևան հենց այդ հակասությունները մեղմելու միտումով նշանակվեց առաջին փոխնախագահ, ինչն անհանգստություն առաջացրեց նախիջևանյան կլանում, սակայն հետագայում այդ անհանգստությունները որոշակիորեն մեղմվեցին։ Արցախի դեմ պատերազմից հետո Ալիևը՝ որպես արդեն, այսպես ասած, հաղթած առաջնորդ, առավել մեծ թափով շարունակեց արշավը, այսպես ասած, իր հայրական թևի դեմ․ պաշտոններից հեռացրեց Հեյդար Ալիևի նշանակած նախիջևանյան թևի ներկայացուցիչներին, նրանց փոխարեն նշանակվեցին Մեհրիբանի հայրական ընտանիքի ներկայացուցիչները կամ նրանց հետ ասոցացվող մարդիկ»։

Մեհրիբան Ալիևան՝ իբրև Փաշաևյան կլանի առաջին դեմք ու նախագահի պաշտոնի հավանական թեկնածու, հենց սոցիալական, կրթական և հումանիտար միջոցառումներով է հասարակության շրջանում մեծացնում իր հեղինակությունն ու «կուտակում» անհրաժեշտ վարկանիշը՝ ասում է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբանը։ Ընդ որում՝ Ալիևների ընտանիքի մյուս անդամները ևս ուշադրության կենտրոնում են պահում DOST-ի ծրագրերը։ Լեյլա Ալիևան, որ պարբերաբար է այցելում DOST կենտրոններ, լուսանկարվում այցելուների հետ, հիմնադրել և ղեկավարում է IDEA հասարակական միավորումը, որին մեծապես աջակցում է «Pasha Holding»-ը։

«Յուրօրինակ քարոզարշավի է նմանվում այս գործընթացը, ու քանի որ կենտրոնների հիմնումը շարունակվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում, գործընթացը ակտիվորեն առաջ է գնում։ Այլ հարց է, թե հսկայական ինչ ֆինանսական միջոցներ են հատկացվում, ծախսվում։ Դա առանձին ուսումնասիրման թեմա է»։

Այս գործընթացները փաստում են, որ Ալիևների ընտանեկան կառավարումը առաջիկա ընտրական գործընթացների միջոցով էական փոփոխության չի ենթարկվելու։ Ընդհակառակը՝ տեսանելի է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող ադրբեջանցիների քվեին տիրելու նպատակով ընտրվել է հենց սոցիալական-հումանիտար գործիքակազմը՝ ապահովելու առաջին հերթին Մեհրիբան Ալիևայի վարկանիշը՝ ամփոփում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button