
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական բարեգործական կազմակերպության և Հայ օգնության միության համատեղ «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզից 2 շահառու դարձել է անհատ ձեռներեց և սեփական գործ հիմնել: Եվրոպական միության ֆինանսավորովող դրամաշնորհային ծրագրի նպատակներից մեկն ուղղված է աշխատանքային միգրանտերի վերաինտեգրմանը, նրանց հայրենիքում պահելու նպատակով:
Կարիքն ու սոցիալական վիճակի բարելավումը շատ հաճախ մարդկանց ստիպում է լքել հայրենիքը և աշխատանք փնտրել օտար ափերում, որտեղ աշխատանքային պայմաններն ու ապրելակերպը շատ հաճախ հեռու են քաղաքակրթությունից: Շրջանառու միգրանտներին աջակցելու նպատակով անցած տարվա սկզբից խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Սյուինիքի մարզերում հիմնելով միգրացիոն ռեսուրս կենտրոններ: Հայ օգնոթյան միության հետ համատեղ ,,Մարդը Կարիքի մեջ, հայաստանյան ներկայացուցչությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ նշված 4 մարզում իրականացնում է ,, Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում,, դրամաշնորհային ծրագիրը, որի շնորհիվ Արմավիրի մարզից երկու շրջանառու միգրանտ իրենց բնակավայրում հիմնել են սեփական գործը և ապահովել ևս 4 մարդու զբաղվածություն: Արմավիրի տարածքի Այգեշատ գյուղի բնակիչ Թովնաս Մխիթարյանը տարիներ շարունակ զբաղվել է այգեգործությամբ: Մշակում է 6,5 հա հողատարածք, որի մեծ մասը պտղի ու խաղողի այգիներ են:
Նա երբևէ չի մտածել Հայաստանից դուրս գալու և այլ վայրերում այլ աշխատանք փնտրելու մասին, եթե չլիներ անցած տարվա կարկտահարությունը, որի պատճառով ոչ միայն Թովմաս Մխիթարյանը, այլև մարզի շատ և շատ գյուղացիական տնտեսություններ զրկվեցին տարվա բերք ու բարիքից: Գյուղացիներից շատերը մեկնեցին արտագնա աշխատանքի կամ, ինչպես ընդունված է ասել, խոպան, այդ թվում նաև Թովմասը:
Ութ ամիս անց վերադարձել է տուն և մասնակցել «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական բարեգործական կազմակերպության և Հայ օգնության միության համատեղ «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրին, որի համար նախապես դասընթացներ է անցել բիզնես պլան ներկայացնելու համար: Թովմաս Մխիթարյանին այգեգործությամբ զբաղվելու համար անհրաժեշտ էր ունենալ տեխնիկա՝ անիվավոր տրակտոր, որն ավելի քան 4 մլն դրամ է, իսկ իր կողմից ներդրել է ավելի քան 850 հազար դրամի սարքավորումներ է գութան, չիզել, սրսկիչ, կցասայլակ:
Արմավիրի մարզի միգրացիոն ռեսուրս կենտրոնի տնօրեն Գագիկ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ծրագրի պայմանների համաձայն շահառուն պարտավորվել է հիմնել սեփական գործը, գրանցվել հարկային դաշտում և հնարավորության սահմաններում ապահովել նաև մի քանի մարդկանց զբաղվածություն:
Այգեշատ գյուղից Թովմաս Մխիթարյանը օգոստոսի մեկից անհատ ձեռներեց է և տրակտորը ստանալուց հետո ունի գրանցված 2 աշխատող՝ մեխանիզատոր և գյուղատնտես, երկուսն էլ համագյուղացիներ են:
Մյուս շահառուն Էջմիածին քաղաքից Վարդան Խաչատրյանն է, ով 6 ամիս աշխատել է ՌԴ-ում, վերադարձել և ծրագրի միջոցով հիմնել այն գործը, որով զբաղվել է հայրենիքից դուրս: Նա ձեռք է բերել ձկան ապխտման սարքավորում և սառնարաններ, իսկ իր ներդրումը տրանսպորտային փոխադրամիջոցն է: Նա նույնպես օգոստոս ամսից դարձել է անհատ ձեռներց և ունի 2 աշխատող:
Դրամաշնորհային տեխնիկան մեկ տարի հետո կդառնա շահառուների սեփականությունը, իսկ մինչ այդ նրանց աշխատանաքը վերահսկվում է ծրագրի ներկայացուցիչների կողմից: Այն հարցին, թե մեկ տարի հետո իրենք հնարավոր է դադարեն աշխատել հարկային դաշտում Թովմաս Մխիթարյանը պատասխանեց, որ մեծ այգետեր է, որոնց բերք ինքը, որպես անհատ ձեռներեց կարող է արտահանել:
Այսինքն՝ հայրենիքում աշխատանք ունեցող շահառուները կշարունակեն գործը նաև մեկ տարի անց՝ այն ընդլայնելու հեռանկարով:




