Սփյուռքի ձայնը

Կառուցելով ապագան. «Ներուժ»-ը Սփյուռքի գաղափարները վերածում է հայկական հաջողության․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանի տնտեսական զարգացման և նորարարության քարտեզի վրա «Ներուժ» ծրագիրը ձգտում է դառնալ ոչ միայն հերթական տեխնոլոգիական մրցույթը, այլև հայրենադարձության և համահայկական ներուժի համախմբման խորհրդանիշը։

Այս տարի՝ սեպտեմբերի 22-ից 27-ը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող ծրագիրը կրկին իր հարկի տակ կհավաքի սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափներին՝ նրանց առաջարկելով ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև ամուր կամուրջ դեպի հայրենիք։

«Ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին է վկայում հայտերի աննախադեպ թիվը»,– նշում է նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Մոնիկա Մաթևոսյանը։ «Այս տարի ստացվել է 68 հայտ աշխարհի 18 երկրից, որոնցից խիստ ընտրության արդյունքում 32 ստարտափ հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու վեցօրյա աքսելերացիոն ծրագրին։ «Ներուժ»-ը ստեղծված է խթանելու Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական կարողությունների ներգրավումը»։

Ծրագրի հաջողությունը, սակայն, չի չափվում միայն թվերով։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ հայրենադարձությունը դառնում է գրավիչ և իրատեսական հեռանկար։ «Ունենք շատ ստարտափներ, որոնք «Ներուժ»-ի շնորհիվ վերադարձել են, մնացել Հայաստանում և գործունեություն ծավալել՝ անգամ դրամաշնորհ չստանալու պարագայում»,– ընդգծում է նախարարության ներկայացուցիչը։

Այս տարվա մասնակիցների շարքում են նաև Ֆրանսիայից հայրենադարձված Անի Ավոյանը և ԱՄՆ-ից՝ Վահե Բարսեղյանը, որոնց նախագծերը լուծում են կյանքի ամենատարբեր խնդիրները։

«I Do Now». ակնթարթային լուծումներ իրական ժամանակում
Անի Ավոյանի «I Do Now» հավելվածը ծնվել է առօրյա խնդրից՝ ինչպես գտնել անհրաժեշտ մասնագետին (օրինակ՝ սանտեխնիկի կամ էլեկտրիկի) հենց այն պահին, երբ նրա կարիքն ամենից շատ է զգացվում։ «Մեր հավելվածը կապող օղակ է ծառայություն մատուցողների և հաճախորդների միջև հենց այս պահին՝ իրական ժամանակում», — բացատրում է Անին։ Հավելվածը քարտեզի վրա ցույց է տալիս տվյալ պահին ազատ և մոտակայքում գտնվող մասնագետներին՝ թափանցիկ գներով և երկկողմանի գնահատման համակարգով։ Նախագիծն արդեն հասցրել է հաջողություններ գրանցել միջազգային հարթակներում, այդ թվում՝ Ճապոնիայում և «Sevan Startup Summit»-ում, և այժմ «Ներուժ»-ի միջոցով ձգտում է ֆինանսավորում ստանալ՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար։

«Soundgate». երաժշտության ուսուցում արհեստական բանականության օգնությամբ
Վահե Բարսեղյանի համահիմնադրած «Soundgate» ընկերությունն առաջարկում է երաժշտության ուսուցման նորարարական մոտեցում։ Նրանք ստեղծում են հարթակ, որտեղ արհեստական բանականությունն օգնում է սովորողին կառուցել անհատականացված ուսումնական ճանապարհ։

«Մեր նպատակն է ԱԲ-ն օգտագործել որպես գործիք՝ մարդկային ստեղծարարությանը զորակցելու, այլ ոչ թե այն փոխարինելու համար», — նշում է Վահեն։ Համակարգը վերլուծում է սովորողի առաջընթացը և առաջարկում հաջորդ քայլերը, բայց միևնույն ժամանակ թույլ է տալիս ազատորեն շեղվել և ուսումնասիրել այն, ինչը տվյալ պահին առավել հետաքրքիր է։ «Մենք գիտենք, որ իսկական երգը պետք է ստեղծված լինի մարդու կողմից, նրա հոգևոր աշխարհից», — ասում է նա՝ բացատրելով, թե ինչու են խուսափում ԱԲ-ի միջոցով երաժշտություն գեներացնելուց։

Հաղթանակի գինը և ապագայի հեռանկարը
«Ներուժ»-ը մասնակիցներին առաջարկում է ոչ միայն փորձի փոխանակում և մենթորություն, այլև զգալի ֆինանսական աջակցություն։ Մրցույթն ունի երկու հիմնական անվանակարգ՝ «Գաղափարի փուլ» (մրցանակներ՝ 15, 10 և 5 մլն դրամ) և «Աճի փուլ» (մրցանակներ՝ 30, 20 և 10 մլն դրամ)։

«Այս ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստան-Սփյուռք կապը սոսկ զգացմունքային դաշտում չէ։ Այն գործնական, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն է, որտեղ սփյուռքահայ մասնագետները բերում են իրենց գիտելիքը, միջազգային փորձն ու նորարարական գաղափարները, իսկ հայրենիքը տրամադրում է բարենպաստ միջավայր՝ այդ գաղափարներն իրականություն դարձնելու և համաշխարհային շուկա դուրս բերելու համար։ «Ներուժ»-ը կամուրջ է, որով քայլ առ քայլ կառուցվում է Հայաստանի տեխնոլոգիական ապագան»,– փաստում են մասնակիցները։

Կարդացեք նաև

Back to top button