«Մեդիալաբ»-ը «Ֆոկուս» արվեստի հասարակական կազմակերպության նախագծերից է՝ ժամանակակից արվեստի մեկամյա անվճար կրթական ծրագիր, որը գործում է արդեն ավելի քան 15 տարի։
«Ֆոկուս»-ի համահիմնադիր Նորա Գալֆայանը և «Մեդիալաբ»-ի 2024-25 թվականի շրջանավարտ Սոնա Համբարձումյանը խոսում են, թե ինչ է «Մեդիալաբ»-ը և ի՞նչ է տալիս այն ուսանողներին։
«Մեդիալաբն» ի սկզբանե ստեղծվել է որպես լաբորատորիա, որտեղ տեսական գիտելիքները համադրվում են գործնական հմտությունների հետ։ Ծրագիրն ուսանողներին տրամադրում է ժամանակակից արվեստի գործիքներ և տեսական գիտելիքներ, միաժամանակ զարգացնելով դրանց նկատմամբ քննադատական մոտեցում։
Ինչպես նշում է Նորա Գալֆայանը, «Մեդիալաբ»- ը ժամանակակից արվեստագետին նոր գործիքներ տրամադրող հարթակ է։ Այստեղ կարելի է անվճար սովորել լուսանկարչություն, տեսանկարահանում, մոնտաժ, դիզայն, ձայնային արվեստ, ինչպես նաև ժամանակակից արվեստի պատմություն։ Վերջին տարիներին ծրագրի հիմնական ուշադրության կենտրոնում տեսողական արվեստներն են՝ լուսանկարչությունն ու շարժապատկերը։
Նորան կարևորում է հատկապես ծրագրի այն առանձնահատկությունը, որն ուղղված է հենց արվեստագետին։ «Արվեստի գործիքներից բացի, մենք տալիս ենք նաև մտածողության գործիքներ»,–ասում է նա։ «Մեր տրամադրած գիտելիքները բազային են, իսկ ամենակարևորը, որ կարող ենք տալ ուսանողին, տվյալ գործիքների նկատմամբ վերաբերմունքն ու մտածողությունն է, որը կօգնի նրան ինքնակրթվել և զարգացնել իր հմտությունները»։
«Մեդիալաբ» են գալիս այն մարդիկ, որոնք արվեստի հետ որոշակի կապ ունեն, բայց չեն բավարարվում ոլորտում առկա կրթությամբ և փնտրում են այլընտրանքային մոտեցումներ։ Այդ այլընտրանքը հատկապես քննադատական մտածողությունն է, որը բնորոշ է ժամանակակից արվեստին։
Շրջանավարտ Սոնա Համբարձումյանն, որը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է և կրթություն է ստացել Երևանի գեղարվեստի ակադեմիայում ու Ֆրանսիայում, նշում է, որ «Մեդիալաբ»-ի դասընթացից հետո զգում է մշտապես ինչ-որ բանի վրա աշխատելու և զարգանալու կարիք։
Ոչ ֆորմալ կրթության մեջ հատկապես գրավիչ է անհատական մոտեցումը, այն օգնում է արվեստագետին իր աշխատանքը դիտարկել որպես տեսողական հաղորդագրություն, որտեղ յուրաքանչյուր դետալ մտածված է և հիմնավորված։




