Հրաչ Մովսիսյանը ծնվել է 2000 թվականին Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում։ Դերասան դառնալու որոշումն ասում է՝ պատահական է ընդունել։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ է ընդունվել 2018-ին, վեց ամիս անց զորակոչվել է բանակ։ Ծառայել է Լուսակերտի մարտական զորամասում։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց ստորաբաժանումը տեղափոխվել է Արցախ՝ Արա լեռ։
Պատերազմի չջնջվող դրվագը ընկերոջ արյունոտ համազգեստն է ու դեմքը։ «Զինվորական արյունոտ համազգեստն ինձ համար դարձավ այս պատերազմի խորհրդանիշը»,-ասում է Հրաչը։ Պատերազմից հետո հեշտ չէր․ աշխարհի, շրջապատող նոր իրականության հետ ներքին կռիվը փորձում էր հաղթահարել կիթառով ու ընտրած մասնագիտությամբ։
2025-ին ավարտելով Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը Հրաչը աշխատանքի է անցել «Մետրո» թատրոնում։ Մասնակցում է տարբեր նախագծերի, այս պահին Հրանտ Մաթևոսյանի «Հացը» ստեղծագործության հիմնան վրա բեմադրվող մոնոներկայացման աշխատանքներում է ընդգրկված։ Ստեղծագործությունը մեզ սովորեցնում է՝ արժանի լինել այն ամենին, ինչն ի վերուստ մեզ տրվում է։




