
Ինչո՞ւ է Հայաստանում ամառը շատ շոգ, ձմեռը՝ խիստ, ինչո՞ւ են շատացել անձրևները, կարկուտն ու քամիները։ Մասնագետները հարցերի պատասխաններն ունեն՝ կլիմայի փոփոխություն կամ գլոբալ տաքացում։



Եղանակ ու կլիմա. երկու հասկացություն, որոնք անմիջական կապ ունեն բոլորիս հետ։ Ունեն հստակ տարբերություն։ Եղանակը տվյալ պահին մթնոլորտի ստորին շերտի ֆիզիկական վիճակն է տվյալ վայրում և ժամանակի որոշակի պահին կամ ժամանակամիջոցում, իսկ կլիման եղանակի բազմամյա ռեժիմն է՝ պայմանավորված արեգակնային ճառագայթմամբ, տեղանքի բնույթով և մթնոլորտի շրջանառությամբ։

«Կլիմա բառը հունական ծագում ունի՝ նշանակում է թեքություն, արեգակնային ճառագայթների թեքությունը երկրի մակերևույթի նկատմամբ»,- բացատրում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Մարգարյանն ու ընդգծում՝ կլիմայի փոփոխությունը զարգանում է Երկիր մոլորակին զուգահեռ։
«Կլիմայի փոփոխությունը պայմանավորված է բնածին ու մարդածին գործոններով»,— շեշտում է Հայկուհի Ազիզյանը։ Կլիմայի վրա մարդու անմիջական ազդեցությունը հատկապես վերջին 100-ամյակի ընթացքում մեծացել է։ Գիտնականները փաստում են, որ կլիմայի փոփոխությունը նոր երևույթ չէ, այն հազարամյակների պատմություն ունի։
Կլիմայի փոփոխությունն ուղիղ ազդեցությունն ունի տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Ռիսկայինը հատկապես գյուղատնտեսությունն է։ Երաշտը նույնպես կլիմայի փոփոխության հետևանք է։

Հայաստանում խոցելի տարածքներ կան՝ Արարատյան դաշտ, Շիրակ, Սյունիքի հովիտներ, Կոտայքի որոշ հատվածներ։ Սովորաբար կլիմայի փոփոխությունը կանխատեսումների վրա է։ Վարդուհի Մարգարյանի խոսքով՝ կանխատեսումները լավատեսական ու վատատեսական են լինում։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կարող է բարձրանալ նաև համաշխարհային օվիկիանոսի մակարդակը։
Կլիմայի ազդեցությունը նկատելի է նաև մարդկանց առողջության վրա։ Այս տեմպերով շարունակվելու դեպքում 2100 թվականին Հայաստանում գետերով անցնող ջրի քանակը մոտ 40 տոկսով կնվազի։ Ռիսկային գոտում նաև Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազումն է՝ 34 տոկոսով կամ 265 մլն մ3 ջրի կորուստ կդիտվի։
Աշխարհում տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու նպատակով։ 2015 թվականին կնքվել է Փարիզի համաձայնագիրը, որին երկու տարի անց՝ 2017-ին միացել է նաև Հայաստանը։ Փարիզյան համաձայնագրի նպատակը հստակ է՝ այնպես անել, որ ջերմաստիճանի բարձրացումը չհատի 2 աստիճանի շեմը։ Բացատրում են՝ 1․5 աստիճանն արդեն վտանգավոր է։ Ազդել կլիմայի փոփոխության վրա հնարավոր է՝ մեղման ու հարմարվողականության ծրագրերի միջոցով։ Դրանք շատ են, ամենատարածվածը, թերևս, կաթիլային ոռոգման համակարգի ներդրումն է։




