
Հենց միացնեք ձայնային հաղորդումը, կլսեք, որ հնչում է «Է՜յ, ջան, հայրենիք»-ը՝ ոչ թե պարզապես որպես երգ, այլ որպես հոգու խոստովանություն։ Խորը, թավշյա ձայնը պատկանում է Ֆրանսիայում բնակվող բաս-բարիտոն Ադամ Բարրոյին, որի համար այս երգը ոչ թե ընդամենը ստեղծագործություն է, այլ անձնական պայքարի ու կարոտի խորհրդանիշ։ Նա Հայաստանում է ոչ թե որպես հյուր, այլ որպես մշակութային դեսպան, ով իր ուսերին է վերցրել հայ երգը աշխարհին ներկայացնելու և աշխարհի մշակույթը Հայաստանին մերձեցնելու բարդ առաքելությունը։
Այս անգամ նրա այցի առիթը Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված համերգն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Սակայն սա սովորական համերգ չէ։ Սա 14 տաղանդավոր արվեստագետների միավորում է՝ մեկ նպատակի շուրջ։
«Ինձ համար կարևոր էր, որպեսզի մեր հայ հանդիսատեսը ևս մեկ անգամ տեսնի, զգա ուժը մեր հայ երգի»,– ասում է Բարրոն՝ շեշտելով, որ այս միջոցառումը ևս մեկ քայլ է այն պայքարում, որը նա մղում է ամեն օր։
Արվեստագետի «պայքարը»
«Պայքար» բառը Ադամ Բարրոյի խոսքում հաճախ է հնչում։ Բայց սա ոչ թե կործանարար, այլ ստեղծարար պայքար է՝ ընդդեմ մոռացության, անտարբերության և մշակութային մեկուսացման։ Նա չի սպասում պետական աջակցության կամ գործակալությունների հրավերների։ Նրա սկզբունքը հայկական հին ասացվածքն է՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր»։ «Ես պայքարում եմ այսպես,— ասում է նա,— մեկ ուրիշ հայ պայքարում է իր բնագավառում մեկ այլ կերպ։ Արտիստի կյանքը միայն երգով քիչ է։ Նա պետք է լինի և՛ երգիչ, և՛ համախմբող, և՛ կամեցող՝ ավելին անել»։ Այս պայքարը նա մղում է ամենուր՝ Փարիզում թե Երևանում, միշտ հիշելով, որ իր երկու տների՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պետք է ամուր կամուրջ կառուցի։

Սերմանել հայ երգն օտար հողում
Ինչպե՞ս է նա կառուցում այդ կամուրջը։ Պարզ ու գործնական քայլերով։ Նա գերմանացի երգչուհու հետ ամիսներով պարապում է, որպեսզի Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան»-ը հնչի անթերի հայերենով։ Նա Գաբրիել Երանյանի «Հայաստան» երգը թարգմանում է ֆրանսերեն՝ «Arménie, jardin paradis» (Հայաստան՝ դրախտային այգի), որպեսզի ֆրանսիացի ունկնդիրը ոչ միայն լսի, այլև հասկանա ու զգա։ Նրա փիլիսոփայությունը փոխադարձ հարգանքի վրա է հիմնված. «Եթե ես Ֆրանսիայում երգում եմ Դեբյուսի, ուրեմն պետք է ֆրանսիացին էլ երգի հայերեն»։ Սա մշակութային երկխոսություն է, որտեղ հայկականը ներկայացվում է ոչ թե որպես էկզոտիկ, այլ որպես համաշխարհային մշակույթի հավասարազոր մաս։
«Կգա ոգու սով»՝ որպես արթնացման կոչ
Ադամ Բարրոյի առաքելության հուզական խորքերը բացահայտվում են, երբ նա խոսում է Իսահակյանի մասին։ Նա պատմում է, թե ինչպես է Փարիզում «Է՜յ, ջան, հայրենիք»-ը պարապելիս արցունքները խեղդել իրեն՝ վախենալով, որ բեմում չի կարողանա զսպել հուզմունքը։ Սակայն ամենից խորը նրան հուզել է Իսահակյանի մարգարեական տողը՝ «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով»։ Բաս-բարիտոն Ադամ Բարրոյի համար սա ոչ թե հուսահատության, այլ գործելու կոչ է։ «Նշանակում է, որ ես պետք է պայքարեմ, որ չգա այդ ոգու սովը։ Պետք է խեղդեմ իմ մեջ՝ իմ աշխատանքով, իմ գործով»։




