Մերի Դավթյանը ծնվել է 1977 թվականին Ստեփանակերտում։ Տեղի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո 1999-ին աշխատանքի է անցել Արցախի հանրային հեռուստաընկերությունում՝ վարելով հեղինակային հաղորդումներ, հետագայում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։ Տասը տարի (2008-2018) Մերի Դավթյանը Հայաստանի հանրային հեռտուստաընկերության լրատվական ծրագրի արցախյան ձայնն էր՝ որպես տեղի թղթակից։ «Արցախթայմս» տեղեկատվական կայքի հիմնադիրն է։ Արցախում ակտիվորեն զբաղվում էր հասարակական գործունեությամբ, դասավանդում Արցախի պետական համալսարանում։ 44-օրյա պատերազմից հետո էլ Մերին փորձում էր իր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել կիսատված, վիրավոր Արցախին։
2022-ի հոկտեմբերին ստանձնեց երևանյան Մատենադարանի մասնաճյուղ հանդիսացող «Գանձասար Մատենադարան» գիտամշակությաին կենտրոնի տնօրենի պարտականությունները, ընդամենը երկու ամիս անց սկսվեց Արցախի շրջափակումը։ «Ընտանիքով որոշել էինք՝ ինչ էլ լինի մնալու ենք Արցախում, որպեսզի պահենք այդ հողը, բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին։ Հիշում եմ՝ երբ պիտի դուրս գայինք, ինձ ասում էին, որ անհրաժեշտ ինչ-որ բաներ պիտի վերցնեմ, իսկ ես անընդհատ ընդվզում էի՝ ի՞նչ պիտի վերցնեմ , եթե երկիրն եմ լքում»,-պատմում է Մերին։ Հակարիով անցկացրած ամենաարժեքավորն ու անհրաժեշտը լրագրողական աշխատանքի ընթացքում վավերացրած արխիվային տեսանյութերն էին՝ ՝ Արցախի ծաղկուն տարիների պատկերներով, անվերջ կարմիր ժապավեններով։
Հակարիից հետո կարողացավ ապրել միայն շնորհիվ բարության, հոգատարության, լավ մարդկանց։ Օգնում է նաև աշխատանքը Մաշտոցյան Մատենադարանում, որտեղ հանրային կապերի մասնագետ է։




