
Գիտական բարդ տերմիններն ավելի պարզ․ Այն ինչ մեզ՝ ոչ մասնագետներիս բարդ է թվում, մասնագետների համար պարզ ու հասկանալի է։

Տերահերցային հաճախությունների տիրույթ․ ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ Արմեն Մակարյանը բացատրում է՝ գիտական իրենց ուղղվածությունը կիրառելի է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կենսաբժշկության մեջ: Այժմ գիտական այս խմբի առջև խնդիր է դրված՝ գեներացնել տերահերցային ճառագայթում։
Տերահերցային ճառագայթումն էլեկտրամագնիսական ճառագայթման մի տեսակ է, որը գտնվում է ռադիոալիքների ու ինֆրակարմիր լույսի միջև։ Էլեկտրամագնիսական ալիքների տեսակները դասավորվում են հաճախության կամ էներգիայի աճման կարգով՝ ռադիոալիքներ, ապա՝ միկրոալիքներ, տերահերցային, ինֆրակարմիր, հետո՝ տեսանելի լույս, ուլտրամանուշակագույն, ռենտգեն, վերջում՝ գամմա ճառագայթում։


Տերահերցային ճառագայթումն այդ շարքում միկրոալիքի ու ինֆրակարմիրի արանքում է։ Ֆոտոնը լույսի կամ որևէ էլեկտրամագնիսական ճառագայթման մասնիկն է։ Կարելի է ասել՝ լույսը բաղկացած է ֆոտոններից։ Ֆոտոնի էներգիան մասնագիտական դաշտում այսպես են բացատրում․ որքա՞ն էներգիա է տանում մեկ հատ ֆոտոնը՝ մեկ հատ «լույսի մասնիկը։ Այդ էներգիան կախված է ֆոտոնի հաճախությունից՝ որքան բարձր է հաճախությունն, այնքան մեծ է էներգիան։

Կիսահաղորդիչ նյութն այնպիսի նյութ է, որի միջով էլեկտրական հոսանք կարող է անցնել, բայց ոչ այնքան «հեշտ», որքան մետաղների (հաղորդիչների) միջով, բայց ոչ այնքան «դժվար», որքան մեկուսիչների միջոցով։ Այսինքն՝ միջին հաղորդիչ է՝ կարող է հոսանք անցկացնել որոշ պայմաններում։ Կիսահաղորդչային բյուրեղը դա մի կտոր կիսահաղորդիչ նյութ է (օրինակ՝ սիլիցիում), որի ատոմները շատ կանոնավոր են դասավորված և ձևավորում են բյուրեղային ցանց։ ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Արթուր Կիրակոսյանը ներգրավված է գիտական ամբողջ աշխատանքներում։ Գիտական հետազոտություններ, իհարկե, արվում են, բայց գիտնականների միջին սերնդի հարցը լուծված չէ, ոլորտում կամ սկսնակ գիտնականներն են, կամ՝ ավագ սերնդի, միջին սերունդն՝ իր փորձով ու մասնագիտական կարողություններով, վաղուց Հայաստանում չէ։ Արմեն Մակարյանն ընդգծում է՝ գիտությունը կորցրել է գրեթե 30 տարի, այժմ աստիճանաբար վերականգնման քայլեր են արվում։

Տիգրան Հովհաննսիյանը երիտասարդ գիտնական է։ Ասում է՝ բախտը բերել է, որ հայտնվել է հենց այս ամբիոնում ու Արմեն Մակարյանին է հանդիպել։ Կրտսեր գիտաշխատող է, նաև դասավանդում է։ Գիտական հետազոտությունները նախապատրաստական բարդ փուլեր են անցնում՝ թուղթ ու գրիչից մինչև համակարգիչ՝ պատմում է Տիգրան Հովհաննսիյանը։ Գիտնականները վստահ են՝ իրենց հետազոտությունները կիրառական գիտության զարգացման հիմք կդառնան։




