Եթե Ձեզ միշտ գրավել է բանկային ոլորտը, ցանկանում եք զինվել մրցունակ գիտելիքներով, հմտություններով և ձեռք բերել առաջընթաց ունեցող աշխատանք՝ անվերջ զարգացող բանկային ոլորտում ու կառուցել հուսալի և բարեկեցիկ ապագա, ապա այս մասնագիտությունը նախատեսված է հենց Ձեզ համար։
Բանկային գործի մասնագետ․ ամենացանկալի և հեղինակավոր մասնագիտություններից մեկը։ Կարող եք վստահ լինել, որ ընտրելով այս մասնագիտությունը՝ ֆինանսական աշխարհում կունենաք գործունեություն ծավալելու շահավետ հարթակ։ Հազարամյակների պատմություն ունի բանկային գործը․ այն յուրաքանչյուր երկրի զարգացումն ապահովող հիմնասյուներից մեկն է, մարդկության տնտեսական գործունեության և մտքի մեծագույն նվաճումներից մեկը։
Բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ և գործառույթներ իրականացնող բանկային ոլորտի մասնագետները պետք է լինեն ծայրաստիճան կարգապահ, չափազանց ուշադիր, համբերատար և հավասարակշռված, ունենան թիմում աշխատելու կարողություն, ինչպես նաև նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու անվերջ ձգտում։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Սարգսյանը։




