Գայանե Բալայանը ծնվել է 1982 թվականին Ստեփանակերտում։ Ավարտել է Արցախի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի «Բանասիրություն» , ապա՝ «Լրագրություն» բաժինները։ 2002 թվականից աշխատել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի հիմնական դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Վերջին ուսումնական սեպտեմբերը 2023-ինն էր։ Գայանեն ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Սվետլանան և Կարենը։ Արցախի բռնի հայաթափումից հետո նրա ընտանիքն ապրում է Երևանում։
«Եթե ցերեկներն ապրում ենք Հայաստանում, ապա գիշերը մեր տունն Արցախում է։ Երբ առավոտյան աչքերդ բացում ու հասկանում ես, որ երազում Արցախում էիր, մեծ երջանկություն ես ապրում։ Հաճախ ինձ հարցնում են ՝ հարմարվե՞լ եք։ Ասեմ, որ տղայիս կոշիկները թույլ չեն տալիս հարմարվել, այն կոշիկները, որոնք մի կերպ հայթայթել էի սեպտեմբերին դպրոց գնալու համար։ Եկել էինք Հայաստան, տղաս չէր հագնում այդ կոշիկները, հարցրի՝ ինչու՞ չես հագնում, ախր դեռ նոր են, ասաց՝ մա՛մ, կոշիկներիս տակ Արցախից հող կա, թող մնա։ Այդ կոշիկները տուփի մեջ դրած պահում եմ»,-պատմում է Գայանեն։




