
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Մշակույթի նախարարության 2014 թվականի ծրագրերում Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանի նշումն ու կոմիտասյան ժառանգության հանրահռչակումը տարվա գերակա ուղղությունն է: Այդ կապակցությամբ նախարարությունն իրականացրել ու իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ : Հոբելյանը նշանավորող հիմնական մշակութային միջոցառումը սեպտեմբերի 26- հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտասյան օրեր» փառատոնն է, որի շրջանակներում Կոմիտասի ժառանգությունը կներկայացվի իր բոլոր շերտերով՝ երգչախմբային, վոկալ և ղաշնամուրային երաժշտության 5 համերգներով: Փառատոնի կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտության կենտրոնները: Մշակույթի նախարարաությունում տեղի ունեցած մումուլի ասուլիսում այսօր ներկայացվել են հոբելյանական տարվա կարևորագույն միջոցառումները, մասնավորապես «Կոմիտասյան օրեր» փառատոնը:
Կոմիտասի 145-ամյակին նվիրված հոբեկլյանական միջոցառումների մեկնարկը կարելի է համարել 2012 թվականը, երբ հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցմանը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի տեղեկացմամբ, թանգարանի բացումը տեղի կունենա տարեվերջին
«Այն իրենից ներկայացնելու է կոմիտասյան ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման շատ լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այս թանգարանի բացմամբ տարեվերջին կամփոփվեն հոբելյանական միջոցառումները»:
Կոմիտասյան ժառանգության ուսումնասիրություն և հանրահռչակում, մշակութային տարվա գերակայություն հռչակված այս նպատակին են ծառայում 2014-ին տպագրված Գևորգ Գյոդակյանի «Կոմիտաս» գիտական ուսումնասիրությունը ՝ անգլերեն թարգմանությամբ, ընթացքի մեջ է Արթուր Շահնազարյանի Կոմիտասին նվիրված գիտահանրամատչելի վեպի ստեղծումը: Մինչև տարեվերջ «SONY» ձայնագրման ստուդիայում կտպագրվի նաև «Կոմիտաս» անթոլոգիան, որը պարունակում է Կոմիտասի ողջ ստեղծագործական ժառանգությունը՝ Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանված և ժամանակակից կոլեկտիվների ձայնագրություննեով, մուլտիմեդիա սկավառակով: 2014-ին հոբելյանը նշանավորվել է նաև երաժշտական նախագծերով, գարնանն անցկացվեց «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 7 — րդ հանրապետական մրցույթը, որի շրջանակներում 300 տպաքանակով հրատարակվել ու Հայաստանի ու Արցախի դպրոցներին է հանձնվել Կոմիտասի «Մանկական խմբերգեր» ժողովածուն: Հոբելյանը նշանավորող առանցքային մշակութային միջոցառումը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտասյան օրեր» փառատոնն է:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանն այսօր առաջարկեց փառատոնը դարձնել ամենամյա, ինչը հնարավորություն կտա տարվա մեջ գոնե մեկ անգամ Կոմիտասի արվեստը վայելել ոչ թե մշակումների տեսքով, այլ բնագրով: Իսկ Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը կոնկրետ ակնկալիք ունի այս փառատոնից, թախծոտ ու եղեռնի խորհրդանիշ դարձած Կոմիտասի փոխարեն բացահայտել մեր ազգային արվեստի ամենալուսավոր հանճարին:




