Այս յուրահատուկ մասնագիտության ընտրության ամենակարևոր նախապայմանը ստեղծագործական տաղանդի առկայությունն ու մեծ սերն է երաժշտության հանդեպ: Երաժշտական աշխարհն իր մեծ էներգիայով գրավում և ուղեկցում է նրանց ամբողջ կյանքի ընթացքում՝ հնարավորություն տալով յուրօրինակ ձևով արարելու երաժշտարվեստում՝ դառնալով երաժշտական «զորքի» գեներալը, որին խմբավար ենք անվանում։
Եթե երաժշտության հանդեպ Ձեր սերն անսահման է, իսկ խմբավարությունը՝ երազանքի մասնագիտություն՝ դա բավական չէ․ այդ ստեղծագործական ճանապարհն ընտրելու համար անհրաժեշտ է ունենալ տաղանդ, երաժշտական հարուստ գիտելիքներ, մեծ սեր և աշխատասիրություն, անմնացորդ նվիրում և անսպառ էներգիա, ռիթմի հրաշալի զգացողություն, խոսուն ժեստեր, հայացք, դիմախաղ, յուրաքանչյուր ստեղծագործության մեկնաբանման խորություն ու ինքնատիպություն, կատարման ներդաշնակ միասնականության ապահովում, երգչախմբին գեղարվեստական բուն նպատակը հաղորդելու ունակություն, արտիստներին և հանդիսատեսին ոգևորելու կարողություն. ահա երաժշտական արվեստում խմբավարի հաջողության հասնելու բանաձևը:
Խմբավարներն են ողջ ստեղծագործական խմբի շարժիչ ուժը, երաժշտական «զորքի» գեներալը, որոնց շնորհիվ են միաձուլվում և ստեղծվում ներդաշնակություն, մոգական կապ ու դյութիչ երաժշտություն:
Այսօրվա հաղորդման թեմայի պատասխանատվությունն իր վրա է վերցնելու մի արվեստագետ, որի կենսագրությունն ու ստեղծագործական անցած ճանապարհն առավել քան տպավորիչ են: Փայլուն տիրապետելով իր մասնագիտության գաղտնիքներին և հմտություններին՝ տարիների ընթացքում նա իր ողջ տաղանդը, գիտելիքներն ու փորձն ամբողջովին նվիրաբերում է հայ երաժշտական արվեստի ու երաժշտական կրթության զարգացմանը:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի խմբավարության բաժնի վարիչ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի խմբավար, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գրիգոր Հարությունյանն է:




