
Հրապարակախոս, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Արամ Աբրահամյանի հետ զրույցի երկրորդ մասը նվիրված է Յոհան Սեբաստիան Բախի ժառանգության նշանակության և 20-21-րդ դարերում վերաիմաստավորման թեմային։
«Զարմանալի է, բայց Բախի ստեղծագործությունները, որոնք գրվել են 300 տարի առաջ, այն ժամանակաշրջանում, որը համարվում է բարոկկոյի շրջան, այսօր հնչում է ամենատարբեր ժանրային տարածքներում՝ չկորցնելով գեղագիտական և բովանդակային հմայքը, նույնիսկ հակառակը՝ բացահայտելով այնպիսի հատկանիշներ, որոնց շնորհիվ նրա երաժշտությունը մշտապես ժամանակակից է և արդիական», — ասում է Արամ Աբրահամյանը։
Բախի ստեղծագործական ժառանգությունը չափազանց մեծ է։ Նա գրել է տարբեր ժանրերի հազարից ավելի երկեր (բացառությամբ օպերաների)։ Նշանակալից մասը խոշոր վոկալ-սիմֆոնիկ երկերն են՝ կանտատներ (հոգևոր՝ 300-ից պահպանվել են 200-ը և աշխարհիկ՝ մոտ 26)՝ բաղկացած խմբերգերից, արիաներից և նվագախմբային հատվածներից, պասսիոններ («Matthaus passion», «Iohannes passion», «Lucas passion»), օրատորիայի տիպի մոնումենտալ երկեր, որտեղ ընդհանրացված է ժողովրդի բարօրության համար իրեն զոհաբերող մարդու տանջանքի և բարոյական տոկունության թեման, օրատորիաներ («Ծննդյան», «Զատկական»), մոտետներ (6), մեսսաներ (5), դրանց թվում ծավալուն Սի մինոր՝ փիլիսոփայական բովանդակությամբ, ինքնուրույն բաժինների ազատ հաջորդականությունից կազմված մեսսան, «Մագնինֆիկատ»-ը, որտեղ, Պ․ Կազալսի բնորոշմամբ, Բախը «Ողջ երկրայինն աստվածացրել է և աստվածայինը՝ մարդկայնացրել»։
Նշանավոր է նաև Բախի գործիքային երաժշտությունը․ երգեհոնի մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդներ, տոկատներ, ֆանտազիաներ, ֆուգաներ, սոնատներ, պասսակալիա և այլն), որոնք երգեհոնային երաժշտության գագաթնակետն են, 220-ից ավելի ստեղծագործություն կլավեսինի համար, որոնց միջոցով Բախը հաստատեց այդ գործիքի ինքնուրույն արժեքը։ Սրանց թվում է պատմական և գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող 48 պրելյուդների և ֆուգաների շարքը, որ XVII — XVIII դդ․ երաժշտական ոճերի «հանրագիտարան» դարձավ և հաստատեց ներկայիս երաժշտության հնչյունաշարի լարվածքը։
Կլավիրային երկերի թվում կան նաև սոնատներ, ինվենցիաներ, ֆանտազիաներ, տոկատներ, կոնցերտներ և այլ գործեր, 6 «Անգլիական», 6 «Ֆրանսիական» սյուիտներ ու 6 պարտիտներ, որտեղ հեղինակը, զարգացնելով կենցաղային պարերի ավանդական ժանրը, դրանք վերածեց քնարա-փիլիսոփայական պոեմների։
Երաժշտության պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն մենանվագ ջութակի (սոնատներ, պարտիաներ) և թավջութակի (սյուիտներ) համար գրված ստեղծագործությունները։
Նվագախմբային երաժշտության պատմության մեջ առանձնանում են նաև վեց «Բրանդենբուրգյան կոնցերտները» (տարբեր կազմի նվագախմբերի և մենանվագ գործիքների համար) և պարային ձևերի վրա հիմնված նվագախմբային չորս սյուիտները («Նախերգանքները»)։
Բախն առաջինը ստեղծեց կոնցերտներ մեկ (7 հատ), երկու (3), երեք (2) և չորս (1) կլավեսինի համար՝ նվագախմբի հետ։ Գրել է նաև կոնցերտներ մեկ և երկու ջութակի համար՝ նվագախմբի հետ, ջութակի, ֆլեյտայի և կլավեսինի համար՝ նվագախմբի հետ և այլն։
Լայպցիգում 1950 թվականից սկսած, յուրաքանչյուր չորս տարին մեկ անց է կացվում Բախի անվան միջազգային մրցույթ։ Բախի բազմազան ու խոր ժառանգության վեհությունը գնահատելով՝ Բեթհովենը գրել է՝ «Nicht Bach! — Meer solte er heiften» — «Ոչ թե առվակ, այլ Ծո՜վ պետք է լիներ նրա անունը»։




