Էկոսֆերա

Վիտալի Լեոնովիչ, մարդ, ով պահպանեց Ստեփանավանի դենդրոպարկը․ «Էկոսֆերա»

Կյանքից հեռացել է ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադրի որդին՝ Վիտալի Լեոնովիչը, որը մինչև կյանքի վերջին օրը շարունակել է հոր՝ Էդմոն Լեոնովիչի, նվիրական աշխատանքը։ Անգնահատելի է նրանց ներդրումը դենդրոպարկի հիմնադրման ու պահպանման գործում։ 

Այս թողարկումը նվիրված է Վիտալի Լեոնովիչի հիշատակին։  Տարիներ առաջ «Էկոսֆերայի» հետ անկեղծ զրույցի ընթացքում պատմեց այգու ստեղծման, առկա խոչընդոտների, մարտահրավերների, ինչպես նաև՝ ցավով նշեց իր գործը շարունակող չլինելու մասին։

Ստեփանավանի դենդրոպարկ մեր այցի ընթացքում ակտիվ աշխատանքային շրջան էր։ Աշխատակիցները հատուկ համազգեստով, բահով և բույսերի խնամքի համար նախատեսված այլ պարագաներով խնամում էին այգու յուրաքանչյուր անկյուն։ Ստեփանավանի դենդրոպարկի աշխատակից տիկին Նորան իր և գործընկերների աշխատանքային տարիներն է հաշվում։

«Երևի 13 տարի ես եմ աշխատում, 20 տարի ավել Բավականը․․․։ Ակնկալում ենք, որ լավը կլինի։ Ամեն օր աշխատում ենք, շաբաթ, կիրակի ենք տունը, հանգստյան մեր օրերն է։ Սիրով աշխատում ենք, մենք մեր աշխատանքը մեծ սիրով անում ենք։ Ձմեռը գալիս ենք, ծառերի ձյունն ենք թափ տալիս, որպեսզի պաշտպանենք կոտրվելուց։ Դժվարություններ չեն լինում։ Դե, լինում է, բայց դե հաղթահարում ենք»։

Աշխատակիցները սիրով են աշխատում, և դա պատահական չէ։ Այգին հենց ստեղծվել է սիրով, բնությանը՝ սիրահարված մարդու կողմից, թեև մեծ դժվարություններով։ Ստեփանավանի Դենդրոպարկ պաշտոնապես Էդմոն Լիոնովիչի անվան «Սոճուտ Դենդրո այգի» գտնվում է Լոռու մարզի Գյուլակարակ գյուղում։ Լեոնովիչը աշխատել է որպես Բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թ․-ը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին՝ Վիտալի Լիոնովիչը։ Նրա հետ զրուցելը, պարզվեց, հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, «Էկոսֆերա»-ին հարցազրույց տվեց։

«Մեր ընտանիքում որոշված չի եղել՝ որևէ տեղ դենդրոպարկի կառուցում, պարզապես որպես անտառագետ է աշխատել, սիրել է բնությունն ու սկսել է իր համար  հավաքել բույսերի  հավաքածուներ։ Հետաքրքիր բույսեր իր համար հավաքելով, աստիճանաբար տարիների ընթացքում  լայնացրել է հավաքածուն։ Ավելի ուշ՝ մի քանի տարի հետո, արդեն պետությունը ուշադրություն է դարձրել նրա գործունեությանը և, կարելի է ասել՝ պետականացվեց»։

40-ականներին արդեն այգին պետության հսկողության ներքո էր, սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ «դենտրոպարկ» չի կոչվել, այլ տարբեր անվանումներ է ունեցել։

Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Հեռավոր Արևելք և այլն, բույսերի բազմաթիվ տեսակներ ստացել են նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և Միացյալ Նահանգներից, նախկինում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ, սակայն դրանցից պահպանվել են մոտավորապես 500-ը, ասում է Վիտալի Լեոնովիչը։

Կան տեսակներ, որոնք հնարավոր է հանդիպել Հայաստանում միայն այստեղ՝ դենդրոպարկում։ Այս գեղատեսիլ վայրի պահպանությունն իրականացվում է պետական միջոցներով, տնօրենը փաստեց, որ տարեցտարի ավելանում է նաև այցելուների թիվը, ինչն ինչ-որ առումով մտահոգիչ է։

«Ավելանում են և շատ սարսափելի են ավելանում։ Սարսափելի ի՞նչ տեսակետից։ Դենտրոպարկը հիմնականում սկզբից նախատեսված էր ավելի քիչ այցելուների համար, 30-35 տարի առաջ ո՞վ էր պատկերացնում, որ օրեկան էստեղ կմտնի ու դուրս կգա 600-ից 700 հոգի մարդ։ Դա լավ է, իհարկե, ինչ խոսք, լավ է, բայց դենդրոպարկի կառուցվածքը նախատեսված չէ նման քանակի համար, նեղ ճանապարհներ են, բավականին փոքր ծաղկանոցներ»,- ասաց Լեոնովիչը։

Սակայն խնդիրներն այստեղ միայն այցելուների հետ չէ կապված։ Բանն այն է, որ հաճախ որևէ հարց լուծելու համար ստիպված են հետևել բյուրոկրատական կանոններին, ինչն էլ ավելի է դժվարացնում աշխատանքը։

«Խոչընդոտներ շատ կան․ օրինակ, հասարակ բան՝ մի հատ նամակ ուղարկելը, դա արդեն գումար է։ Մենք ենթարկվում ենք Երևանի արգելոցապարկային համալիրին, մենք էստեղ չունենք ոչ կնիք, ոչ հաշիվ, բանկային, ոչ մի բան։ Ինչ-որ անում ենք, պիտի մեր գրպանից գումարը հանենք, անենք, կամ թե չէ՝ պիտի «զայավկա» տանք, որ մի տարուց հետո կատարվի, Երևանից ուղարկեն։ Դեպք է եղել, որ սովորական իմ պարկ ցեմենտը մեզ ուղարկել են Երևանից։ Գիտե՞ք, դա ոչ թե ղեկավարման սխալ է, անհաջող կառավարման։ Չգիտեմ, ո՞նց են մտածել, որ էդպես պիտի լինի»։

Ի դեպ, դենդրոպարկի մուտքը վճարովի դարձավ Վիտալի Լիոնովիչի խոսքով, ակնկալվում էր, որ հասույթը կծառայի դենդրոպարկի կարիքներին, սակայն այդպես չեղավ։

«Տեսնում էի, որ տրորվում է տարածքը, քանի որ տրորվում է, դե թող գոնե մի կոպեկ ունենանք, բայց էլի էդ կոպեկը չունեցանք, գնաց մեր վերադասին։ Մեզ համար էդքան էլ օգուտ չեղավ տոմսային համակարգը»։

Մինչդեռ ծրագրեր ունեին տարածքի ընդլայնման և այլ աշխատանքների կատարման համար։

«Տարածքի լայնացում, մշակել է անհրաժեշտ։ Հետո  ո՛չ շենքերը, ո՛չ ջերմոցները 30 տարի չեն նորոգվել։  3 հատ ջերմոց ունենք։ Երկրորդը՝ ընդամենը 15 հա տարածքի համար նախատեսված է 2 բանվոր ։ Ճիշտ է, թույլ է տրվում սեզոնային բանվոր՝ 5 հոգի, ոչ ավելի, բայց քանակը չտեսնված փոքր է, աշխատանքային ձեռքերի քանակը չտեսնված փոքր է։ Խեղճ բանվորներին  ձմեռ-ամառ մենք գյուղից բերում ենք տրակտորի կցանով, մենք ոչ տրանսպորտ ունենք, ոչ էլ նախատեսված է տրանսպորտ։ Պատկերացրեք, հիմա լավ եղանակ է, ուրախությամբ գնում-գալիս են մարդիկ, կանայք են, պատկերացրեք, ձմռանը տրակտորի կցանով, որի իրավունքը չունենք՝ տրակտորի կցանով մարդ տեղափոխելու իրավունք չկա, բայց ստիպված անում ենք, որովհետև ուրիշ ելք չունենք»։

Դենդրոպարկի տնօրենը նշեց նաև, որ առաջարկներ են եղել սրճարան, ռեստորան և ժամանցի այլ վայրեր կառուցելու, սակայն նա մերժել է, պարզ պատճառով, որ դենդրոպարկի առաքելությունն այլ է։

«Դենդրոպարկի տարածքում չեն կարող լինել զվարճանքի վայրեր, քանի դեռ ես կամ»,- ասաց Վիտալի Լեոնովիչը, որն իր հոր՝ Էդմոն Լեոնովիչի արժանի հետևորդն է։

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ունի՞ արդյոք ժառանգներ, որոնք կարող են շարունակել իր գործը։

«Գործս շարունակող չունեմ։ Երկու դուստր ունեմ, ոչ ոք չի ուզում շարունակել։ Ես շատ կուզենայի, որ մեկն ու մեկը լիներ, բայց  դժբախտաբար․․․։ Ես շատ կուզեմ, որ այնպիսի մարդ լինի, որ գոնե այս գծով կրթություն ունենա, հետո տեսնեմ, որ իսկապես սիրում է բնությունը․․․»։

Կարդացեք նաև

Back to top button