Սահմանազատման արդյունքում Ադրբեջանը Տավուշում պետք է վերադարձնի 95 քառակուսի կիլոմետր տարածք։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են սահմանազատման և սահմանագծման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների, նոր էսկալացիայի վտանգի մասին։
Մելիքսեթյանի խոսքով, այլ լուծումներ չեն կարող լինել, քանի որ կողմերը պայմանավորվել են վավերացված կանոնակարգով։ Անդրադառնալով անկլավների խնդրին՝ քաղաքագետը նշել է, թե Ադրբեջանը, ի հեճուկս իր իսկ հռետորաբանության, շահագրգռված չէ անկլավների վերադարձով, քանի որ բարդություններ է ունենալու։ Օրինակ, Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու դեպքում երկու տասնյակ ադրբեջանական գյուղեր զրկվելու են ճանապարհից։




