
Հանրահայտ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցի ստեղծագործական նախասիրությունները կապված են գործիքային երաժշտության հետ։ Լայն ճանաչում ունեն նրա 30 ինվենցիոն պիեսները՝ նվագախմբային գործիքների համար գրված դաշնամուրի նվագակցությամբ։ Կոմպոզիտորի եղբայրը՝ հայտնի դերասան, ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանն է։
Կոմպոզիտորի նախնիները Նախիջևանից են և գերդաստանից շատերը՝ ռուսական բանակի գեներալներ։ Ներսեսի որդի Գեդեոնը, որը Գագիկ Հովունցի հայրն էր, կենցաղային սպասարկման կենտրոնների ռևիզոր էր:

Գագիկ Հովունցը ծնվել է Երևանում, ընտանիքն ապրել է նախկին Սվերդլովի փողոցի 30 համարի տանը և մանկության տարիներին մեծ հետաքրքրություն է ունեցել դեպի երաժշտական գործիքները։
Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ ջութակի հանդեպ։
Շատ հայտնի հայ և օտարազգի երաժիշտՆեր, Գագիկին առաջարկում էին թողնել ջութակը և կրթությունը շարունակել դիրիժորի և կոմպոզիցիայի բաժնում, սակայն Գագիկն այնքան էր կապվել ջութակի հետ, որ ոչ մի առաջարկ նրան չէր կարող առանձնացնել այդ հեքիաթային, զարմանահրաշ գործիքից։
Հովունցը, շատ արագ հասավ զգալի հաջողությունների և իր հաստատուն տեղը գտավ հատկապես գործիքային երաժշտության ժանրում։ Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում ստացան նրա 30 «ինվենցիոն պիեսները»՝ նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։
Հովունցի գործունեության մեջ առանձնակի հիշատակման է արժանի նրա մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ շուրջ 50 տարի դասավանդել է հարմոնիա՝ սերնդե-սերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները։

Ներսես Հովհաննիսյանը կինոռեժիսոր էր, սցենարիտ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ, եղել է շատ հայտնի հայկական ֆիլմերի ռեժիսորի օգնականը, նրա խորհրդով են ստեղծվել զարմանալիորեն գրավիչ կադրեր «Խոշոր շահում», «Մենավոր Ընկուզենի», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում։
Մոսֆիլմ կինոստուդիայում եղել է Յուլի Ռայզմանի «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Մեծ ներդրում է ունեցել նաև մանկավարժության ոլորտում՝ պատրաստելով լավագույն դերասաններ ու ռեժիսորներ։




