Արդեն100 տարի

Հրաչյա Ներսիսյանի անտիպ ձայնագրությունները․ Բացահայտումներ Հանրային ռադիոյի պահոցից․ «Գրեթե 100 տարի»

Շարունակելով ներկայացնել Հանրային ռադիոյի ձայնային պահոցի գանձերը, այսօր անդրադառնալու ենք հայ բեմի և շարժանկարի արքաներից մեկին՝ Հրաչյա Ներսիսյանին: Վայելելու ենք իրապես պատմական ձայնագրություններ:

Երկու հանճարների՝ Հրաչյա Ներսիսյանի և Վահրամ Փափազյանի թատերական համատեղ կյանքը սկսվել է Կոստանդնուպոլսից, ապա շարունակվել Կովկասում և վերջապես հասել  Երևան և, ցավոք, ընդհատվել 1961-ին՝ Հրաչյայի մահով:  Հանրային ռադիոյում պահվող ժապավենի վրա Վահրամ Փափազյանի հիշատակի խոսքն է հայ բեմի և շարժանկարի արքա Հրաչյա Ներսիսյանի մասին:  

Պոլսում ապրած երիտասարդական տարիներին Հրաչյա Ներսիսյանը բախտավորություն է ունեցել իր մորաքրոջ տանը հանդիպելու Դանիել Վարուժանին և Կոմիտասին:

Վստահաբար  այստեղ տիրող արվեստային մթնոլորտն ու նաև իր, չնայած ֆրանսիական, ամերիկյան և  Էսայան վարժարաններում  կեսկատար թողած  կրթությանը, օտար լեզուների հրաշալի իմացությունը հնարավորություն և հաճույք պատճառեցին իրեն ֆրանսիական և անգլիական գրականությունը  բնագրերով կարդալու: Եվ այսպես ձևավորվեց ապագայի մեծ մտավորական դերասանը:  

Հրաչյա Ներսիսյանը իր յուրահատուկ ձայնով շուտով դարձավ Պենկլյան օպերետի երգչախմբի անդամներից մեկը: Ապա՝ Մկրտիչ Ջանանը նրան հրավիրեց հայ դրամատիկական ընկերություն։ Ֆրանսիական մելոդրամաները Հրաչյայի առաջին ներկայացումներն էին: Իսկ Շեքսպիրյան դերերը դարձան Հ. Ներսիսյանի գլուխգործոցները՝ հայկական բեմում:

Հանրային ռադիոյում «Օթելլո»-ի ռադիոբեմադրության մի փառահեղ ձայնագրություն կա՝ արված 1953-ին Մետաքսյա Սիմոնյանի, Հրաչյա Ներսիսյանի և Դավիթ Մալյանի մասնակցությամբ:

Հրաչյա Ներսիսյան

Անշուշտ հիշում ենք Ատրպետի պատմվածքի հիման վրա Երվանդ Մանարյանի հրաշալի սցենարով, դերասանական աննկարագրելի խաղով «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը: Այն նկարահանվեց 1961-ին և էկրան բարձրացավ 1962-ի ամռանը:

Ինչպես էին խաղում մեր հզոր դերասանները՝ Նիկողոս աղա- Ցոլակ Ամերիկյանը, պարոն Հովսեփ- Արման Կոթիկյանը և վերջապես՝ Ներսես ախպար- Հրաչյա Ներսիսյանը:

Բայց Հանրային ռադիոյի գանձարանում մի ժապավեն կա՝ արված ֆիլմի նկարահանումներից առաջ՝ 1960 թվականին: «Տժվժիկ» ռադիոթատրոնը: Հետաքրքրականն այն է, որ ռադիոտարբերակում Հրաչյա Ներսիսյանը կատարում է Նիկողոս աղայի դերը, իսկ Ներսես ախպարի դերակատարը երիտասարդ Մհեր Մկրտչյանն է: Հեղինակի անունից տեքստը կարդում է Բաբկեն Ներսիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button