
Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Մոկի անունը կրող Մոկք կամ Մոկս կոչվող տարածաշրջանը, հնագույն ժամանակներում տարբեր պետությունների միջև կռվախնձոր է եղել, սակայն 16-րդ դարում այն տիրացավ Օսմանյան Թուրքիան և այդ ժամանակվանից Մոկքը մտավ Վանի նահանգի մեջ։
1915 թվականի ցեղասպանության արդյունքում Մոկքից 900 ընտանիք տեղահանվեց, որոնցից մի մասը գաղթի ճանապարհին զոհվեց, իսկ մյուս մասը բնակություն հաստատեց այլ երկրներում և արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում։ Ավագյանները իրենց բնակության վայր ընտրեցին Աշտարակը, քանի որ Մոկքի բնաշխարհին այն բավականին մոտ էր՝ խաղողագործությամբ, մեղվապահությամբ, մրգերի առատությամբ և արհեստագործությամբ։ Պետրոսը, որը Արևշատ Ավագյանի հայրական պապն էր, այստեղ զբաղվում էր կոշկակարությամբ, շատ վանեցիների նման, նա էլ էր սիրում պատմություններ պատմել, հատկապես՝ Մոկաց Միրզայի մասին և երգել նրա մասին պատմող հայտնի երգերը։

Բանաստեղծի մայրական պապ Լևոնը ու տատը՝ Աստղիկը, գերդաստանի այլ անդամները նույնպես հիանալի երգում էին և լավ հեքիաթասացներ էին։ Լևոնն անգիր գիտեր հայ ժողովրդական ասացվածքները, առածները և էպոսից մի շարք հատվածներ։ Իսկ Աստղիկը, ժողովրդական բառ ու բանն իմանալուց բացի, տիրապետում էր նաև մի քանի լեզուների։
Շատ տարիներ անց, Արևշատը Մոկքում գտավ այն տունը, ուր ապրել էին նախնիները, այն վերածվել էր ոստիկանատան։

Պետրոսի որդին՝ Արևշատի հայրը՝ Խոսրովը, Աշտարակում՝ շուկայի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում վարսահարդար էր, բայց ոչ սովորական։ Սափրելու և հարդարելու ընթացքում նա անընդհատ պատմում էր հետաքրքիր, ժողովրդական բառ ու բանով հագեցած, դեպքերով ու իրադարձություններով հարուստ պատմություններ՝ հաճույք պատճառելով այցելուներին։
Այս միջավայրում էր մեծանում Արևշատը, որը մեծ սեր ուներ ոչ միայն ընթերցանության այլև՝ նկարչության հանդեպ։ Աշտարակի «Պիոներ պալատում» նա դարձավ հանրահայտ նկարիչ Գևորգ Ոսկանյանի աշակերտը։ Պատանին նրանից սովորում էր նկարչական արվեստի հմտության գաղտնիքները։ Աշտարակի կախարդական բնաշխարհով հմայված, հետագայում ինքն էլ ստեղծեց գործեր, որոնք գրավեցին հայաստանյան և օտար հանրության ուշադրությունը։

Արևշատ Ավագյանը, գրականության ու արվեստի ոլորտում ընդարձակ ճանապարհ է անցել։ 1973 թվականին աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես գրականության բաժնի վարիչ, հետո ղեկավարել է արձակի և պոեզիայի բաժինը, ավելի ուշ՝ եղել է խմբագրի տեղակալ։ Շատերը կհիշեն 1986 թվականին հեռուստատեսությամբ նրա հեղինակած «Նավասարդ» մշակութային հաղորդաշարը։ 1986թվականին տպագրված «Լույսի արմատներ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։
1986 թվականի փետրվարից եղել է ՀԽՍՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական և գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիրը, իսկ 1994 թվականից Մշակույթի հայկական ֆոնդի նախագահն է։ Անհնար է թվարկել Արևշատ Ավագյանի բոլոր ժողովածուներն ու ցուցահանդեսները, միայն կասենք, որ բոլոր գործերը բանաստեղծ-նկարչին բերել են բարի համբավ արվեստի և գրականության աշխարհում։
Արևշատ Ավագյանի որդին՝ Արտակ Ավագյանը, հրատարակիչ է, գրող, լրագրող։ Նա հեղինակն է ընթերցողին ծանոթ «Իրական հեքիաթ արքայադստեր մասին» ստեղծագործության։
Մինչ օրս Արևշատ Ավագյանն առավոտյան արթնանում է նոր մտահղացումներով, իր ներաշխարհի սերը կապելով անսահմանության աստղածիրին։




