
Ֆոլկ, ջազ երաժիշտ, երգիչ, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ ամիսներ առաջ եղած զրույցում անդրադարձել էինք նրա միջազգային համերգային նախագծերին և Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հյուրախաղերին։
Այս անգամ մեր հանդիպման առիթը կինոյի և թատրոնի ոլորտում նրա աշխատանքը, նաև համերգային նախագծերի և նոր համագործակցությունների հեռանկարներն էին։
«Այնպես ստացվեց, որ միառժամանակ դադարեցրի համերգային գործունեությունս և ավելի շատ կենտրոնացա ստուդիական աշխատանքի վրա։ Մի շարք առաջարկներ ստացա կինոարտադրողներից և տարվեցի, բառի բուն իմաստով», — կիսվում է երաժիշտը։
Կինոյի ոլորտում Միքայել Ոսկանյանը հանդես է գալիս երկու՝ ստեղծագործական և կատարողական ձևաչափերով։ Օրինակ, հանրահայտ «Ամերիկացին» գեղարվեստական ֆիլմում նա հանդես էր գալիս ավելի շատ որպես կատարող, նույնիսկ նկարահանվել է առանձին տեսարաններում։ Որպես ստեղծագործող, կոմպոզիտոր աշխատել է անիմացիոն և կարճամետրաժ ֆիլմերի ժանրում։
«Կինոյում աշխատանքը թույլ է տալիս ընդլայնել ժանրային հորիզոնը, օգտագործել թվային տեխնիկայի բոլոր հնարավորությունները, հնչյունային թվային բանկերի անսահմանափակ ռեսուրսը։ Բացի այդ՝ համատեղ աշխատանքը ռեժիսորների հետ մեծ ստեղծագործական բավարարվածություն է պարգևում, հատկապես երբ ֆիլմերը միջազգային ճանաչում են ստանում և գնահատվում մրցանակներով», — շարունակում է Միքայել Ոսկանյանը։
Թատրոնի ոլորտում նույնպես նա ստեղծագործելու փորձ ունի։ Մոսկվայի հանրահայտ «Սովրեմեննիկ» թատրոնը պատվիրել էր նրան երաժշտություն գրել Նարինե Աբգարյանի պիեսի բեմադրության համար։
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև երաժշտի 2025-ի նոր նախաձեռնություններին, առաջարկներին և սպասվող հյուրախաղերին։




