Հայերն ավելի վաղ են ընդունել արևմտյան արժեհամակարգը, քան արևմտյան շատ երկրներ գոյություն ունեին։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Լևոն Սարդարյանն ու իրավապաշտպանը զրուցում են «Եվրաքվե» նախաձեռնության, ԵՄ-ին անդամակցության հնարավորության, նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին։
Զեյնալյանի խոսքով, հասարակությունը պատրաստ է, հասունացել է ԵՄ անդամ դառնալու համար։ Դա են վկայում հավաքված 60 հազարից ավելի ստորագրությունները նախաձեռնության օգտին։ Զեյնալյանը վստահ է, եթե հարկ լինի, 250 հազար ստորագրությունն էլ կհավաքեն։
«Հանրային կարծիքի հարցումներն էլ ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը կողմ է, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ»,— նշել է Զեյնալյանը։




