
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, բայց չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Սա իսկապես համալիր, համապարփակ համաձայնագիր է: Այն ներառում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսությանը և առևտրին, համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սակայն հետամուտ չէ ռազմական դաշինք ստեղծելու նպատակին»,- ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։
Ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Այն կփոխարինի երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:




