
Երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Հարությունյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ներմուծեց հայ երաժշտության պատմության դասընթացը, զգալի ներդրում ունեցավ խաչատրյանագիտության մեջ, մենագրություն նվիրեց Կոմիտասին։ Նրա որդին հայտնի գենետիկ Ռուբեն Հարությունյանն է, իսկ թոռնուհին ՝ Ժնևի կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը։

Հանրահայտ երաժշտագետի հայրը՝ Գաբրիել Հարությունյանը, Զանգեզուրի գավառի Վաղրավար գյուղից էր, կրթություն էր ստացել Խարկովում, քիմիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր էր և առաջինն էր, որ անդրադարձել էր բժշկական գիտության պատմագրությանը։ Հենց Խարկովում էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Աշխեն Հարությունյանի հետ, որը հետագայում դարձավ քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր և բավականին երկար ժամանակ ղեկավարում էր Երևանի բժշկական ինստիտուտի քիմիայի ամբիոնը։

Գաբրիել Հարությունյանը գիտնական լինելուց բացի, շատ արվեստասեր մարդ էր։ Ապրել է հանրահայտ նկարիչ Մարտիրոս Սարյանի հարևանությամբ, իր ընտանիքը հաճախ էր շփվում արվեստագետի հետ, նրան և այլ արվեստագետների հյուրընկալում էր իր տանը։ Մարգարիտան դեռ մանկությունից հետաքրքրված էր արվեստով՝ հատկապես երաժշտությամբ։ Հյուրերը սիրում էին նրան, նոտաներ ու գրքեր նվիրում։ Իսկ մեծն Աճառյանը աղջկա նոթատետրում 18 լեզվով գրեց նրա անուն-ազգանունը։
Արամ Խաչատրյանի հետ հանդիպումը աղջկա համար ճակատագրական եղավ։ Մարգարիտան հայտնում է իր սերը երաժշտության նկատմամբ, իսկ վերջինս սիրով լսում է նրան, խորհուրդներ տալիս։

Մարգարիտա Հարությունյանի խոսքը երաժշտագիտության մեջ չափանիշ է։ Համագործակցելով Մոսկվայի առաջատար ամսագրերի հետ, կապեր է ստեղծում այլ քաղաքների հետ։

Մարգարիտա Հարությունյանի որդին՝ հայտնի գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանն է։ Նա ՀՀ Գենետիկների և ընտրասերմնաբանների միության նախագահն է։ 2016 թվականից ՀՀ ԳԱԱ անդամ է, դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Պաուլ Ղալերի համալսարանում, Մոնպելիե, Ֆրանսիայի և Մեքսիկայի Բոլոնիայի համալսարաններում։
Նա նախաձեռնել է հայերի մարդաբանության, էկոլոգիական և թունաբանական գենետիկայի ուսումնասիրությունները։ Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատանքների, 2 մենագրությունների և 2 ուսումնական ձեռնարկների։
Իսկ նրա դուստրը՝ Եվա Հարությունյանը, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակեց ԺՆևի և Բեռնի կոնսերվատորիաների ասպիրանտուրայում։ Նա եվրոպական կոնսերվատորիաների պատմության մեջ ամենաերիտասարդ տնօրենն է։ 12 տարի շարունակ լուսավորում է Ֆերենց Լիստի հիմնադրած կրթօջախի նորագույն էջը՝ զարգացնելով ընտանեկան շնորհը՝ աջակցում է տաղանդավոր երաժիշտներին։
Մարգարիտա Հարությունյանը տեսանելի ավանդ ունի հայ երաժշտագիտության պատմության մեջ, իսկ նրա աշխատանքները հիանալի ուղեցույց են երիտասարդ երաժշտագետների համար։




