ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ինչո՞ւ միջազգային հանրությունը ուշացավ Արցախում․ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորում

Մինչ ռազմական հակամարտությունների գոտիներում շարունակվում են ցեղասպանությունները, էթնիկ զտումներն ու զանգվածային այլ ոճրագործություններ, միջազգային կառույցները շարունակում են քննարկել, թե ինչպես կարող են ժամանակին արձագանքել ու կանխարգելել դրանք։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումի երկօրյա աշխատանքը կազմակերպվել է Երևանում։ Միջազգային հանրությունը ցեղասպանությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են՝ համաժողովին ասել է Հայաստանի արտգործնախարարը ու հիշեցրել, որ մեր տարածքաշրջանում դրա ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի։

Եթե միջազգային հանրության ներկայացուցիչները Երևանում նախընտրում են խոսել, օրինակ, Ռուանդայի, Սրեբրենիցայի ցեղասպանությունների և ավելի շատ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին, ապա հայկական կողմը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին հիշեցնում է ևս մեկ ոճրագործության մասին, որը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ 2023 թվականին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձանագրում է ՝ միջազգային հանրությունը անկարող եղավ  կանխելու Արցախում էթնիկ զտումը և այլ հանցագործությունները․

«Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Մեր տարածաշրջանում դրա ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր՝ աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ցավոք, մենք չկարողացանք կանխել, և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»։

Ցեղասպանության ռիսկի գործոններից ամենաակնառուն ատելության տարածումն է, որն արդյունքում ատելության խոսքից վերածվում է հանցագործության։ 2020 թվականի 44–օրյա պատերազմից, 21–ին և 22–ին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիաներից և 2023–ին Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո, անգամ խաղաղության բանակցություններին զուգահեռ Ադրբեջանում հայատյացությունը շարունակվում է  պետական մակարդակով։ Այս խնդիրների մասին խոսեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը․

«Եթե խոսենք հայկական իրականության մասին, այս երևույթն գոյություն ունի նաև Հայաստանում։ Մենք չենք կարող ժխտել սա։  Բայց սա պետական հիմքով չի արվում, սա ամբողջ պատկերը փոխում է։ Հայատյացության խոսքի տարածումը Ադրբեջանի պետության կողմից պետականահեն հիմքով է արվում։ Այստեղ մենք տեսնում ենք տարբեր ուղերձներ և ելույթներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնց խոսքերը ձևավորված երբ տեսնում ենք ատելության խոսք է բացեիբաց։ Սա շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև ողջ տարածաշրջանի, քանի որ հայերի կյանքը դարձնում է ոչ ապահով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Ուստի այս երևույթին պետք է անդրադառնալ ոչ միայն անհատ դերակատարներով այս կամ այն պետությամբ, այլ այս երևույթին պետք է անդրադառնալ ընդհանուր առմամբ միջազգային համայնքի կողմից»։

Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ միջազգային հանրությունն ունի բավականաչափ գործիքներ ցեղասպանություններն ու ոճրագործությունները ժամանակին կանխելու համար, որոնք, սակայն, սխալ են կիրառվում։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անգրործության կամ անարդյունավետ աշխատանքի համար նա մատնանշում է մի քանի գործոն, որոնցից են, օրինակ, վետոյի կիրառման կարգը կամ կառույցում մինիմալ համագործակցության բացակայությունը։   

Ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ՄԱԿ–ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը ընդգծեց, որ պետություններն ունեն առաջնային պարտականություն և իրավական պարտավորություն՝ կանխելու նման խախտումները, երբ ակնհայտ են պոտենցիալ ռիսկեր։ 

«Ոճրագործությունները՝ ներառյալ ցեղասպանությունը, կանխելու ամենակարևոր միջոցն այն է, որ բոլոր կառավարությունները և հակամարտող կողմերն ամբողջապես հարգեն միջազգային իրավունքը, քանի որ այս ծանրագույն հանցագործություններն առանց պատճառի չեն ծնվում. դրանց նախորդում է համակարգված խտրականություն, ատելության հրահրում և բացառման օրինաչափություն՝ հիմնված ռասսայական, էթնիկ, կրոնական կամ այլ հատկանիշների վրա, ինչպես նաև մարդու իրավունքների այլ կոպտագույն խախտումներ»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր ուղերձում ուշադրություն է հրավիրել կանխարգելման ավելի գործուն միջոցներ ստեղծելու կամ զարգացնելու վրա։ Խոսել է, մասնավորապես, Միջազգային դատարանների կշռի ավելացման մասին։

«Ցեղասպանության կոնվենցիան պարտադրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը։ Այս կոնվենցիան քրեականացնում է լուռ մնալը, ուղղակի և անուղղակի հրահրումը այս ամենի։ Մենք պետք է հզորացնենք կանխարգելման գործիքները, այդ թվում կրթվենք և հակազդենք ապատեղեկատվության ու թերի տեղեկատվությանը, որը կարող է նպաստել ատելության խոսքին, ցեղասպան մտադրությունների հրահրմանը և գործողություններին»։

Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային միացել է 153 երկիր, սակայն, Արդարադատության միջազգային դատարանում կա ցեղասպանություններին առնչվող 4 գործ։ Սա թերևս միջազգային կառույցների անգործության լավագույն ապացույցն է։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսում է նաև մեկ այլ խնդրի մասին՝ հայտարարելով, որ ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով։ Միրզոյանի կարծիքով՝ մարդկային կյանքեր փրկելու գործում հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների, տարածաշրջանային կազմակերպությունների, անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների միջև։  

Կարդացեք նաև

Back to top button