Գերդաստաններ

Մխիթար Սպարապետի զինակից Տեր -Ավետիսի գերդաստանը․ Տեր Ավետիսյաններ․ «Գերդաստաններ»

Հին Նորքեցի Պապոյին շատերը գիտեն, քանի որ նա Արին Բերդի ստորոտից գտել էր Արգիշտի առաջինի սեպագիր արձանագրությունը, գիտեն նաև Մխիթար Սպարապետի զինակից Տեր Ավետիսին, նաև՝ Պետրոս Տեր-Ավետիսյանին, որը Կարա-Մուրզայի առաջնակարգ երաժիշտներից էր։

Պատմությունից և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպից հայտնի է Սպարապետի զինակից Տեր-Ավետիսը, որը Դավիթ Բեկի մահից հետո, զորականների միջև սկսված գժտությունների հետևանքով, սկսում է բանակցել թուրքերի հետ։ Վերջիններս, պատեհ առիթից օգտվելով, հարձակվել էին Հայաստանի վրա և ստիպել Տեր-Ավետիսին անձնատուր լինել ու հանձնել բերդի բանալիները։ Այս իրադարձություններից հետո Տեր-Ավետիսը հեռանում է Երուսաղեմ։

Այս զորավարն էր Նորքեցի Տեր Ավետիքի պապը։ Իսկ Տեր Ավետիքը եղել է Հին Նորքի «Սուրբ Սիմեոն Ծերունի» եկեղեցու քահանան, որը մասնակցել է 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմին և հայտնի գեներալ Պասկևիչի բարեխոսությամբ ստացել ազնվականի տիտղոս։

Տեր Ավետիքը 3 որդի ուներ, որոնցից հայտնի են Գաբրիելի և Սահակի անունները։ Պապակ կամ Պապո Տեր-Ավետիսյանը, Գաբրիելի որդիներից մեկն էր, որը 1879 թվականի գարնանը հողային աշխատանքների ժամանակ, Արին Բերդի ստորոտից գտել էր Էրեբունու հացահատիկի պահեստին վերաբերող արձանագրությունը, որն այսօր պահվում է Էրմիտաժում։

Պետրոս Տեր-Ավետիսյանի թոռը, Զորիկ Տեր-Ավետիսյան

Պապո Տեր-Ավետիսյանի տղան Պետրոս Տեր-Ավետիսյանն էր, որը տիրապետում էր 5- 6 երաժշտական գործիքի և նվագում էր Կարա-Մուրզայի խմբում։ Հետագայում սկսեց զբաղվել կաշեգործությամբ և Երևանի լավագույն կաշեգործներից մեկն էր համարվում։

Պետրոսի որդին՝ հայտնի երաժիշտ, թավջութակահար Տելեմակ Տեր-Ավետիսյանը, թավջութակի և դաշնամուրի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Նա գրել է «Հազարան բլբուլ» օպերան, «Ղարաբաղյան հարսանիք» երաժշտական կատակերգությունը և հիմնադրել Լեռնային Ղարաբաղի երգի-պարի համույթը։

Ամուսիններ Մարգարիտա ու Հարություն Տեր-Ավետիսյաններ

Հին Նորքի երկրորդ նրբանցքի 16 համարի տունն այսօր պահպանվել է գերդաստանի երիտասարդների ջանքերով։ Հնաոճ, փայտե գերաններով առաստաղը, հատուկ հմայք է հաղորդում տանը՝ գրավելով այցելուների ուշադրությունը։

Տան մի գողտրիկ անկյունում պահպանվել են գերդաստանի կենցաղի ու սովորույթների հնագույն վկայությունները՝ պղնձե թասեր, սունդուկներ, տակառիկներ։

Այս տան երիտասարդ տերերը՝ նկարիչ ամուսիններ Մարգարիտա ու Հարություն Տեր-Ավետիսյաններն են, ովքեր խնամքով պահում պահպանում են դարերի պատմություն ունեցող տունն իր կահ-կարասիով՝ ընդունելով նաև օտարերկրյա զբոսաշրջիկների։

Կարդացեք նաև

Back to top button