Գերդաստաններ

Աշչյանների խոհարարական արվեստը՝  Պոլսից մինչև Երևան. «Գերդաստաններ»

Կան գերդաստաններ, որոնք նշանավոր ու հանրահայտ չեն, սակայն ունեն բարի համբավ և կարողացել են իրենց փորձն ու հմտությունը փոխանցել սերունդներին։ Նրանք խոհարարներ են, կոշկակարներ, դերձակներ։

Հարություն Աշչյանը, 1900-ական թվականներին, ապրում էր Պոլսից ոչ շատ հեռու գտնվող Ադափազար քաղաքում։ Շատ հմուտ խոհարար էր։ Ասում են, Պոլսում հայտնի սոխով ապուրի հեղինակը ինքն է եղել, իսկ իր պատրաստած փախլավան ու թուլումբան առանձնահատուկ համ ուներ և հենց իր անունով էլ կոչվել է․ «Աշչյանի փախլավա կամ թուլումբա»։

Ցեղասպանության տարիներին խոհարարական արհեստն օգնեց նրա ընտանիքին և կյանքը շարունակելու հնարավորություն տվեց։

Ցեղասպանությունից հետո այս գերդաստանի շատ անդամներ ապաստան գտան այլ երկրներում, ոմանք՝ Արևելյան Հայաստանում։ Հարությունի որդին՝ Թորգոմը, հաստատվեց Երևանում և «Սևան» հյուրանոցի բակում հիմնեց արևելյան ճաշարան։

Այստեղ հաճախ ճաշում էին Ավ․ Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը և Թորգոմի հետ նույն գաղթի ճանապարհն անցած Արման Կոթիկյանն ու Հրաչյա Ներսիսյանը, ովքեր այդ փոքրիկ միջավայրում գտել էին Պոլսի կոլորիտային կյանքը։  

1957 թվականին այս ճաշարանը փակվելուց հետո, Թորգոմը տեղը հանգիստ չնստեց։ Այդ տարիներին Երևանում անծանոթ փքաբլիթը՝ պոնչիկը առաջին անգամ սկսեց պատրաստել Թորգոմ Աշչյանը և երևանյան հանրությունը փքաբլիթի հետ ծանոթացավ խոհարար Թորգոմ Աշչյանի շնորհիվ։

Թորգոմի թոռը՝ Թորգոմ Աշչյանը, խոհարար չէ, սակայն նրա ընտանիքում պահպանվում են խոհարարական ավանդույթները․ սիրում են պատրաստել՝ հիմնականում պապերի բաղադրատոմսերով։

Թորգոմը ճարտարապետ-դիզայներ  է, աշխատում է հուշարձանների պահպանության կոմիտեում։ Հետաքրքրված է Երևանի Հին Նորք թաղամասի պատմությամբ, կենցաղով, սովորույթներով, որոնք գրի է առնում ՝օգնելով հետազոտողներին։ Թորգոմի որդիները հաջողակ ծրագրավորողներ են Ֆրանսիայում, դուստրը՝ Լոս-Անջելեսի 100 լավագույն փաստաբաններից  մեկն է։ Այսպես է շարունակվում այս Գերդաստանի բարի համբավը։

Կարդացեք նաև

Back to top button