ՀՀ վրա Արևմուտքի ազդեցության մասին հերթական հաղորդագրությունն է տարածել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։ ԱՀԾ-ն հայտարարում է, որ Արևմուտքը նպատակ ունի Հայաստանին ենթարկելու իր շահերին։ Փորձագետները նման հայտարարությունները անլուջ են համարում, իսկ տողատակերում Երևանին Մոսկվայի ազդեցության տակ պահելու միտումներ են տեսնում։
Արևմուտքի իբր քայքայիչ գործունեության մասին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունները քաղաքագետ Արա Պողոսյանը քարոզչական նպատակներ հետապնդող քայլ է համարում։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ունեցած տեղեկություններով ԱՄՆ-ը չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից, նպատակ ունենալով Հայաստանը լիովին ենթարկելու իրեն։ ԱՀԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ նման նախադեպերը այլ երկրներում ու տարածաշրջաններում ցույց են տվել այդ մոտեցման կործանարար լինելը։ Օրինակները, ըստ Ռուսաստանի հատուկ ծառայությունների, բազմաթիվ են՝ Մերձավոր Արևելք, Լատինական Ամերիկա, Աֆրիկա, ինչպես նաև Ուկրաինայում տիրող տիրող իրավիճակ։ Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը մտածում է՝ ինչպես անել, որ Հայաստանը չհեռանա իրենից։
«Սա, իհարկե, մտահոգիչ է այն տեսանկյունից, որ փաստորեն, Ռուսաստանի Դաշնությունը այլևս չունի այնպիսի ինստիտուտներ, որոնց հայտարարությունները կամ պարզաբանումները Հայաստանի համար, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների համար, և ընդհանրապես, աշխարհում կընկալվեին որպես լուրջ հայտարարություններ։ Բայց հաշվի առնելով ռուս-ամերիկյան այժմ ձևավորված սառը պատերազմի մթնոլորտը, մեզ առիթ է տալիս ենթադրելու, որ սա հիմնված է քարոզչական այն թեզերի վրա, որը պետք է որպես ռուսական փափուկ ուժ կիրառվի նաև Հայաստանի հանրության հոգեբանության վրա»:
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ դուրս է մղվում Հարավկովկասյան տարածաշրջանից և այստեղ տեղի ունեցող գործընթացներից, որտեղ ամենակարևորը, թերևս, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Ըստ այդմ, քարոզչական հնարքներով Ռուսաստանը փորձում է դիրքավորվել տարածաշրջանում։ Սակայն տարածաշրջանում դիրքերը ամրապնդելու համար, ըստ փորձագետի, ՌԴ պետք է ժամանակին արձագանքեր ու քայլեր ձեռնարկեր, երբ Ադրբեջանը մուտք գործեց ՀԱՊԿ անդամ երկրի՝ ՀՀ ինքնիշխան տարածք։ Սակայն Ռուսաստանի անգործությունը որոշակի վակուում առաջացրեց տարածաշրջանում։ Իսկ այդ ընթացքում Հայաստանին օգնության հասան Հնդկաստանն ու Ֆրանսիան։
ՌԴ ԱՀԾ-ի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Պետդեպը կասկածում է Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի անկեղծությանը։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը սկսել է ՀՀ-ում արևմտամետ կուսակցություններին առաջ մղել՝ 2026 թվականի ընտրություններին նրանց խորհրդարան անցկացնելու նպատակով։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամում անդրադառնալով ՌԴ ԱՀԾ հայտարարությանը, գրում է․ «Հարցն այն է, որ այսօրինակ հայտարարություն կարող է իրեն թույլ տալ միայն անլուրջ կառույցը: Իհարկե, հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող է Կրեմլը թույլ տալ այդպիսի անլուրջ հայտարարություն, մի՞թե ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը կարող է առանց համաձայնեցնելու տարածել այդօրինակ անլրջություններ»։
Այս կարգի հայտարարություններին զուգահեռ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարում է, որ ՀԱՊԿ դռները Հայաստանի համար բաց են, և հույս կա, որ Երևանը վաղ թե ուշ կվերսկսի համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում։
Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Սա լիովին տրամաբանական է: Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին, չի հեռացել ՀԱՊԿ-ից և իրավաբանորեն հանդիսանում է այս կազմակերպության մաս: Հաջորդիվ, բնականաբար, Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կունենա ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական հետևանքներ: Առաջին հերթին, սա հարված է այս կազմակերպությանը, որը գործում է, այսպես ասած, Ռուսաստանի Դաշնության ամբողջական ռազմական հովանու ներքո, և կարծես թե հենց Ռուսաստանն է այս կազմակերպության անդամների հովանավորը և անվտանգության երաշխավորը: Եվ հիմա Ռուսաստանը, իր սեփական քաղաքականության արդյունքում, բախվել է մի իրավիճակի, երբ ի վիճակի չի եղել իր անդամներից մեկի անվտանգության ապահովման գործառույթը իրացնել»:
Արա Պողոսյանի համոզմամբ՝ կատարվածը խոսում է ՀԱՊԿ-ի ճգնաժամի մասին, որը ՆԱՏՕ-ին հակակշիռ է համարվում, և այժմ ՌԴ խնդիր ունի վերականգնելու կազմակերպության հեղինակությունը և թույլ չտալու, որ ՀՀ դուրս դա ՀԱՊԿ ուղեծրից և ՌԴ ազդեցության գոտուց։