Մշակույթ

«Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան՝ Հայաստանում

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ/Սիթիլայն» կինոընկերությունն է։

Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։  

Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

Ֆիլմի ռեժիսորներից Մեհդի Իդիրը, որը ներկա էր երևանյան պրեմիերային, տեղեկացրել է, որ Ազնավուրը եղել է այս նախագծի կնքահայրը․ նա տեսել է իր և Գրան Կոր Մալյարդի նախորդ աշխատանքներից և տպավորված է եղել իրենց գործունեությամբ։

«Ազնավուրը շատ սկսնակ արտիստների հաջողության երաշխավորն էր։ Այդպես էլ եղավ մեր ֆիլմի պարագայում։ Երկար ժամանակ Ազնավուրի հետ քննարկում էինք, թե ինչպիսին է տեսնում ֆիլմը, ինչ զարգացումներով այն պետք է լինի։ Ցավոք, Ազնավուրը հեռացավ կյանքից, և մենք ստիպված էինք մի կողմ դնել ֆիլմը՝ ավելի ուշ անդրադառնալով նրա գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշել է Մեհդի Իդիրը։

Ֆիլմի պրոդյուսերներից Ժան-Ռաշիդ Կալոշը շեշտել է՝ ֆիլմը չէր կայանա, եթե չլիներ Ազնավուրի ընտանիքը։ Նա շեշտել է, որ դերասան Թահիր Ռահիմին համարում է աշխարհի լավագույն դերասաններից, և վերջինս Ազնավուրի կերպարը փայլուն ձևով է մարմնավորել։

«Ոչ ոք, այդ թվում՝ ես, չէր կարող պատկերացնել, որ կարող եմ Ազնավուրի դերը մարմնավորել։ Այս գաղափարն ամբողջությամբ խենթ էր թվում։ Ես այնքան անպատրաստ էի, որ ցանկանում էի մերժել առաջարկը, բայց դիտեցի մի շարք վավերագրական ֆիլմեր Ազնավուրի մասնակցությամբ, ուսումնասիրեցի նրա կյանքը, որոշեցի համաձայնել։ Չէի կարող դիմակայել այս գայթակղությանը և չմարմնավորել այս մեծ մսյոյի կերպարը»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը, ով Հայաստանում իրեն տանն է զգում։

Ազնավուրի երեխաները՝ Կատյա և Նիկոլա Ազնավուրները, ևս ներկա են եղել պրեմիերային։ Նրանք առանձնահատուկ կարևորել են պրեմիերայի անցկացումը Հայաստանում։ Կատյան շեշտել է՝ Ազնավուրը, վստահաբար, կսիրեր այս ֆիլմը։ Նիկոլան էլ ընդգծել է՝ ֆիլմը հաջողված է, և Ռահիմն ամբողջապես կարողացել է մարմնավորել Ազնավուրի կերպարը։

Ֆիլմում խաղացել է նաև հայ դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Ստեղծագործական անձնակազմը շատ տպավորված է եղել Նարինեի հետ աշխատանքից։

«Մեծ պատիվ էր լինել այս ֆիլմում։ Առաջին անգամ էի տեսնում, որ երկու ռեժիսոր են նկարահանում ֆիլմը, և շատ զարմացած էի այդ ներդաշնակ ընթացքից։ Մթնոլորտը բացարձակ լարված չէր, ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Թահիր Ռահիմի հետ»,-նշել է Նարինե Գրիգորյանը։

Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։

Ֆիլմի վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

Կարդացեք նաև

Back to top button